Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի շուրջ ՔՊ-ն եւ ընդդիմությունը համաձայնության չեն եկել

«Հայաստան» խմբակցության հայտարարության  նախագծի շուրջ ՔՊ-ն եւ ընդդիմությունը համաձայնության չեն եկել
Քաղաքականություն
11:12, 02 декабрь 2022
Այսօր ժամը 11-ին ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու է «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը, որի շուրջ քննարկումներ սկսելու համար, ինչպես արդեն հայտնել ենք, ձեւավորվել էր աշխատանքային խումբ։

Հայտարարության որոշ կետերի փոփոխման, վերանայման  շուրջ խորհրդարանական ընդդիմությունն  եւ  «Քաղաքացիական պայմանագիր»-ը համաձայնության չեն եկել։  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ  «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացրած փոփոխությունների մեծ մասն իրենց կողմից ընդունելի են եղել, սակայն  իշխանական պատգամավորները համաձայնության չեն եկել։   

ՔՊ խմբակցության քարտուղար  Հայկ Կոնջորյանը երեկ մեզ հայտնել էր․ «Մեր առաջարկն է այնպիսի տեքստ ընդունել, որը կհամապատասխանի, նաեւ համահունչ կլինի ՀՀ-ի կողմից այսօր իրականացվող, վարվող արտաքին քաղաքականությանը եւ բանակցություններին, եւ ադեկվատ ուղերձ կպարունակի՝ ուղղված միջազգային հանրությանը»։
ՔՊ-ն, այսուհանդերձ, մասնակցելու է արտահերթ նիստին։ 

Նշենք, որ հայտարարությունը պարունակում է «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձեւակերպում, որը, հիշեցնենք, ընդդիմության փողոցային պայքարի գլխավոր լոզունգն էր։