Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԴ որոշումը չկատարելու դեպքում Ադրբեջանին կարող են վռնդել ԵԽ-ից, և Ադրբեջանը կվերածվի օրինակ՝ Բելառուսի. Ռուբեն Մեհրաբյան

ԵԴ որոշումը չկատարելու դեպքում Ադրբեջանին կարող են վռնդել ԵԽ-ից, և Ադրբեջանը կվերածվի օրինակ՝ Բելառուսի. Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքականություն
14:49, 22 декабрь 2022
«ՄԱԿ-ի ԱԽ քննարկումը հնարավորություն ստեղծեց հայկական դիվանագիտության համար միջազգային հասարակական  կարծիքը ևս կոնսոլիդացնելու այն խնդիրների շուրջ, որոնք բարձրացվել են մեր առաջ։ Ասել, որ դա 100 տոկոսով ստացվեց, դեռ ոչ, բայց համենայնդեպս շատ լուրջ քայլ արվեց այդ ուղղությամբ»,- Civic.am-ի հետ զրույցում, հայտնելով իր տեսակետը ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման մասին, ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ այն, ինչ Ադրբեջանն անում է այս պահին, իրեն ավելի շատ է վնասում, քան ինչ-որ օգուտ կարող է տալ. «Ներկայումս մենք տեսնում ենք, որ առևտուր է գնում, և նրանք ուզում են մաքսիմալը պոկել. սա ամուր նյարդերի պայքար է»։

Մեկնաբանելով նաև ռուս ներկայացուցչի ելույթը ՄԱԿ-ում, որում նա նշել էր, որ համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպանական փորձագետների կողմից Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու պարամետրերը, քաղաքագետն ասաց. «Երեսպաշտ լպիրշություն ուղղակի։ Եվ այն իմաստով, որ ՀՀ ԱԺ նախագահը բաց տեքստով դժգոհություն հայտնեց, դա ևս վկայությունն է, թե քանի կոպեկ արժեր այդ հայտարարությունը։ Փաստորեն, ռուսական պատվիրակությունը միակն էր, որ այնտեղ, Ադրբեջանից բացի, տիրաժավորեց ադրբեջանական նարատիվներ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Խոսելով նաև ԵԴ-ի որոշման մասին, համաձայն որի՝ ԵԴ-ն որոշել է միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, քաղաքագետն ասաց՝ դա նշանակում է, որ Ադրբեջանը դատական հարթությունում էլ  կարող է պրոբլեմներ ունենալ, եթե շարունակի իրեն այս ձևով պահել։

«Եթե Ադրբեջանը չկատարի ԵԴ որոշումը, հարցը գնում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե։ ԵԴ որոշումների անշեղորեն կատարումը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է, ինչպես նաև ԵԽ անդամ ցանկացած այլ երկրի։ Իսկ չկատարելու դեպքում Ադրբեջանին կարող են վռնդել ԵԽ-ից, և Ադրբեջանը կվերածվի Բելառուսի՝ օրինակ»,- ասաց քաղաքագետը
Այս իրավիճակում քաղաքագետը կարծում է, որ հայկական կողմը նախևառաջ իր տնային աշխատանքը պետք է կատարի, որպեսզի միջազգային ազդեցության հնարավորություններն ընդլայնվեն, և Հայաստանն ինքն էլ իր համար ընդլայնի այդ հնարավորություններից օգտվելը, իսկ դա նշանակում է վերանայում Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ համալիրի։  

«Այսօր մենք այնպիսի վիճակում ենք, որ Ռուսաստանը թուլանում է, և բացի դրանից՝ Ռուսաստանը դառնում է տոքսիկ և ընկալվում է որպես հանցագործ պետություն, իսկ ղեկավարությունն էլ՝ որպես միջազգային հանցագործներ, որոնք պետք է դատվեն տրիբունալում, որը ստեղծում են Մեծ յոթյակի արդարադատության նախարարների որոշումով, և Հայաստանը քանի դեռ ֆորմալ համարվում է այդ հանցագործ պետության դաշնակիցը, պետք չէ ակնկալել շատ բարձր մակարդակի էնտուզիազմ։ Եվ այսօր մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի հետ թշնամի լինելը վտանգավոր է, բայց Ռուսաստանի բարեկամ լինելը տասն անգամ ավելի վտանգավոր է և առողջությանը վնասակար»,- ասաց քաղաքագետը։  

Ինչ վերաբերում է նրան, որ Լաչինը արգելափակած ադրբեջանցի «բնապահպանները» երեկ երեկոյան թույլ չեն տվել ռուս խաղաղապահ զորախմբի մեքենային անցնել, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ մեզ այդպիսի ձրիակեր պետք չի, որը ոչինչ չի անում, և երկրորդն էլ՝ իր ներկայությունը թույլ չի տալիս, որ մենք այլ գործընկերների հետ կարողանանք լուծել մեր հարցերը: Բացի դրանից՝ այդ իրավիճակում էլ իրենց դեսպանը մեզ խորհուրդ է տալիս հարցը հիմա չլուծել, թողնել հաջորդ սերունդներին։

Խոսելով նաև Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման մասին՝ քաղաքագետն ասաց, որ մենք պետք է հարց բարձրացնենք դրա շուրջ, և այդ իմաստով եվրոպացի դիտորդների գալը Հայաստան շատ կարևոր էր, երկրորդը՝ այլ հարթակներում Հայաստանը պետք է բարձրացնի ԼՂ-ում ևս միջազգային ներկայություն ապահովելու հարցը։  

«Եվ դրա համար ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունների տեղակայումը ևս շատ կարևոր է։ Պետք է ավելի ինտենսիվ աշխատենք, և որպեսզի ժողովրդավարական հանրույթը միջազգային հանրության մեջ ավելի էնտուզիազմով օգնի, մեր կապերը Ռուսաստանի հետ պետք է վերանայենք»,- եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։
 
Լիլիթ Թադևոսյան