Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կա՛մ դիստանցավորվում ենք ՌԴ-ից ու արևմտյան միջնորդությամբ կնքում խաղաղության պայմանագիր, կա՛մ գնում ենք պատերազմի. պատերազմի՛, որտեղ չենք ունենալու դաշնակիցներ. Մեհրաբյան

Կա՛մ դիստանցավորվում ենք ՌԴ-ից ու արևմտյան միջնորդությամբ կնքում խաղաղության պայմանագիր, կա՛մ գնում ենք պատերազմի. պատերազմի՛, որտեղ չենք ունենալու դաշնակիցներ. Մեհրաբյան
Քաղաքականություն
17:10, 03 январь 2023
Միջազգային ճգնաժամային խումբը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է նոր բախում։

Այս կազմակերպությունն աշխատում է պատերազմները կանխելու ուղղությամբ և զեկույցներ է ներկայացնում կոնֆլիկտների ու ենթադրյալ կոնֆլիկտային գոտիների վերաբերյալ:

Միջազգային ճգնաժամային խմբի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ավելի է ամրապնդել դիրքերը, դրան է գումարվում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին և Եվրոպայում գազի պահանջարկը: Սրան էլ, ըստ զեկույցի, գումարվել է այն, որ Հայաստանը ունի զենքի ձեռք բերման խնդիր, քանի որ հիմնական մատակարար Ռուսաստանը պաշարների պակաս ունի՝ Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, մեկնաբանելով զեկույցը, նշեց, որ եթե ոչինչ չարվի, ապա, այո՛, կարող է և իրավիճակը հենց այս սցենարով էլ զարգանալ, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված նոր բախումն անխուսափելի լինի։ «Եթե խնդիրը լուծում չստանա դիվանագիտական հարթության վրա, կողմերը չգնան պայմանավորվածությունների, ապա կգնանք կոնֆլիկտի»,- ասաց Մեհրաբյանը։

Այդ դեպքում, ըստ զեկույցի հեղինակների, Ալիևը ուժով կվերցնի այն, ինչ ուզում է, քանի որ Ադրբեջանի ռազմական ուժը բազմակի գերազանցում է հայկականը, բացի դրանից՝ ունի Թուրքիայի աջակցությունը։ Մեհրաբյանի կարծիքով՝ եթե իրավիճակը զարգանա այդ սցենարով, ապա գաղտնիք չէ, որ Ադրբեջանն  ավելի զորեղ է հիմա, և այդ սցենարը կանխելու համար Հայաստանը պետք է տասնապատկի իր կամքը և համառությունը խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ և տասնապատկի իր կամքն ու համառությունը Ռուսաստանից դիստանցիան հնարավորինս մեծացնելու ուղղությամբ։ Ընդ որում, ըստ Մեհրաբյանի, այդ քայլերը պետք է անել միաժամանակ։     

Արդյոք այդ դեպքում պե՞տք է ընդունել Ալիևի պահանջները։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը առաջարկել է, Ալմաթիի հռչակագրի համաձայն, ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, որը կերաշխավորի Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը։ «Հայաստանը նաև կողմ է Արցախի հետ կապված միջազգային մեխանիզմի ներդրմանը։ Եվ Ռուսաստանը, որ միշտ խոսում է, թե «գետնի վրա» ինքն է՝ իր խաղաղապահներով, և ոչ սթափ արտգործնախարարի խոսնակն էլ ասում է, թե «գետնի վրա» դուք չգիտեք՝ ինչ է կատարվում, պետք է «գետնի վրա» կոտրել ՌԴ մոնոպոլիան։ Դրա համար մենք պետք է հասկանանք, թե նրանք ի՞նչ են անում «գետնի վրա»։ Նրանք այնտեղ են, որ տևական և համապարփակ խաղաղությո՞ւն հաստատեն, թե՞ ոչ։ Իհարկե ոչ։ Նրանք հակառակի համար են այնտեղ՝ որպեսզի ոչ մի դեպքում մեր տարածաշրջանում չլինի տևական խաղաղություն, որովհետև եթե դա եղավ, ապա նրանք այնտեղ անելիք չեն ունենա»,- ասաց Մեհրաբյանը։

Միայն արձանագրելով, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները, և քայլեր չանելով, ըստ Մեհրաբյանի, Հայաստանը ոչնչի չի հասնի։ 

«Հայաստանը կարող է իր համար ընդունելի կետերով խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, եթե դիստանցավորվի ՌԴ-ից, որովհետև Ադրբեջանին՝ իր այդ դիրքորոշումներում, կոշտացնում է հենց Ռուսաստանը։ Թուրքիայի ֆակտորը հաղթահարելի է, եթե մենք ձեռք բերենք դաշնակիցներ, իսկ մենք այս հարցում կարող ենք դաշնակիցներ ձեռք բերել ժամերի ընթացքում»,- ասաց Մեհրաբյանը։  

Այս քայլերը Մեհրաբյանը ազգային անվտանգությանը անմիջապես առնչվող հարցեր որակեց՝ նշելով, որ քաղաքական նախապատվությունների կամ ճաշակի հարց չէ։ «Կա՛մ սա, կա՛մ գնում ենք պատերազմի։ Պատերազմի՛, որտեղ չունենք դաշնակից և չենք ունենալու դաշնակից, բայց որպես հակառակորդ ունենալու ենք ո՛չ միայն Ադրբեջանին։ Երրորդ տարբերակ չկա և չի լինելու», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Անդրադառնալով Արցախում տեղակայված խաղաղապահներին այլընտրանք փնտրելուն՝ Մեհրաբյանն ասաց. «Վերջին բանը, որ մեզ այնտեղ պետք է, տեռորիստ խաղաղապահներն են։ Այլընտրանքը հենց այդ խաղաղության պայմանագրով համաձայնեցվելու է, փոխադարձ, իրավաբանական ուժ ունեցող այլընտրանք է  ձևավորվելու խաղաղության այդ պայմանագրով»,- եզրափակեց Մեհրաբյանը։

Վովա Հակոբյան