Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը կցանկանա խուսափել կոնֆլիկտից՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները. ռազմական փորձագետ

Ռուսաստանը կցանկանա խուսափել կոնֆլիկտից՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները. ռազմական փորձագետ
Քաղաքականություն
21:25, 17 май 2021
«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ բարձր է, այն պայմանավորված է մի շարք գործոններով։  Բանակը կորցրել է ոչ միայն զինվորներ, այլ նաև սպաներ, որոնց պատրաստելու համար այժմ տարիներ են պետք, և Հայաստանը այդ տարիները չունի․ մի քանի ամիս է անցել պատերազմից ու հետևաբար Հայաստանը այդ բացը չի լրացրել»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համաբարձումյանը՝ մեկնաբանելով ԱԽ նիստում արված վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:  

Հաջորդ գործոնները, որոնք առանձնացրեց Համբարձումյանը՝  Հայաստանում ներքաղաքական լարված իրավիճակն է՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված, տնտեսական ճգնաժամը և ՌԴ-ի հետ բարդ հարաբերությունները։  Փորձագետն ընդգծեց՝ Ադրբեջանը սահմանային սրացման է գնում այն պահերին, երբ աշխարհում կա ընդհանուր լարվածություն։ «Այժմ աշխարհում այնպիսի լրջագույն կոնֆլիկտներ են ընթանում, որ դրանց ֆոնին աշխարհին հետաքրքիր չէ, թե Հայաստանում ինչ է կատարվում։ Այս պահին սրված են Իսրայելա-պաղեստինյան հարաբերությունները, որը ողջ արաբական աշխարհը խառնել է, և աշխարհի ուշադրությունը այդ հակամարտության վրա է կենտրոնացած։ Օրինակ՝ Սիրիայում, Լիբիայում ու այլ երկրներում  ընթացող պատերազմները և Դոնբասում ստեղծված իրավիճակը», - ասաց նա ու հավելեց, որ «Ադրբեջանը միշտ օգտվում է նման իրավիճակներից և գնում էսկալացիայի ու այժմ կան այդ բարենպաստ պայմանները, ինչպես ասել էի 44-օրյա պատերազմից մեկ շաբաթ առաջ»։  

Իսկ ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ հիմա լայնածավալ մարտական գործողությունների հավանականությունը համեմատաբար ցածր է, կամ եթե լինի էլ՝ միջադեպերի տեսքով կլինի ու դիվանագիտական ճանապարհով կդադարեցվի: «Իսկ եթե երկարաժամկետ կտրվածքով  վերցնենք՝ չի բացառվում էսկալացիան, որովհետև թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը իրենց գործիքակազմում պատերազմի տարբերակը պահպանում են», - ասաց նա։  Ըստ փորձագետի՝ այս պահին նոր պատերազմը ենթադրում է ուղիղ հակադրություն Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջև՝ հաշվի առնելով ռուսական զինված ուժերի ներկայացվածությունը  Հայաստանի տարածքում։  

«Հենց այդ պատճառով Ադրբեջանն ընտրել է այս տարբերակը՝ միջադեպերի ու առաջխաղացման տարբերակը։ Ռազմական գործողությունը ենթադրում է, որ ռուսական գործոնը նեյտրալիզացված լինի, բայց քանի որ դա չկա, ավելի հավանական են նման ճնշումները։ Այսինքն՝ ինչպես տեսնում ենք, պատերազմը վերջանալուց հետո՝ անընդհատ կան ու կլինեն նման դեպքեր», - նշեց փորձագետը։  

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի արձագանքը Հայաստանի դիմումին, արդյոք կա՞ ռազմական աջակցություն, փորձագետը պատասխանեց․ «Պաշտոնական տիրույթում չկա  տեղեկատվություն դրա մասին, բայց համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որոնցում ռուսական զորքեր են տեղաշարժվում Հայաստանի հարավ՝ Սյունիք: Իհարկե, դրանց հավաստիության մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց ինքնին խոսուն է, եթե հաշվի առնենք, որ տեսանյութերից մեկը ռուսական ԶԼՄ է տեղադրել։ Այսինքն՝ ես չեմ բացառում, որ 102-րդ ռազմաբազայից զորքերի տեղաշարժ է տեղի ունենում դեպի Սյունիքի ռուսական հենակետեր»։  

Ինչ վերաբերվում է բուն ՀԱՊԿ-ին, Հարությունովն ասաց․«Այստեղ երկու խնդիր կա. մեկն այն է, որ ռամական օգնության մասով հայկական կողմը դեռ չի դիմել փաստացի, այսինքն՝ եղած դիմումը ենթադրում է դիվանագիտական խորհրդատվություններ,ևւ ես ինչքան հասկանում եմ՝ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ-ից ակնկալում է ավելի շատ դիվանագիտական ճնշումներ Ադրբեջանի վրա, քան ռազմական աջակցություն»։  Փորձագետի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ներսում կան բազմաթիվ խնդիրներ ու փորձելու են կոնֆլիկտը լուծել դիվանագիտական ճանապարհով, որ չհասնի հակամարտության, որովհետև նոր հակամարտությունը կարող է ճգնաժամ առաջացնել ՀԱՊԿ-ի ներսում։  

«Գիտենք, որ այնտեղ մի շարք երկրներ Ադրբեջանի հետ շատ ավելի լավ հարաբերություններ ունեն, քան մենք, և հենց դրանով է պայմանավորված՝ ՀՀ-ի չափավոր դիմումը, որը ոչ թե այն մասով է, որ զորք ուղարկեն, այլ դիվանագիտական ճանապարհի մասին է այն»,- նկատեց փորձագետը:  Հարությունովը հավելեց, որ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որ չեն կարող պատրաստի զորակազմ ուղարկել ՀՀ տարածք և դա էլի Ռուսաստանը պետք է անի։

Ըստ նրա՝ Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է դիվանագիտական աջակցություն, այլ աջակցությունը իրենց համար խնդիր է այս պահին։ «Իհարկե դա չի նշանակում, թե լայնածավալ պատերազմի դեպքում ՀԱՊԿ մեխանիզմները չեն աշխատի, դրանք կաշխատեն Ռուսաստանի մասով, որը շահագրգռված է, որ Հայաստանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի զոհ չդառնա, և դա նաև այն պատճառով, որ Ռուսաստանը ռազմական առումով ներկա է Հայաստանում։ Իհարկե, Ռուսաստանը կցանկանա խուսափել կոնֆլիկտից՝ հաշվի առնելով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ունեցած ռազմավարական հարաբերությունները, և Հայաստանում դա պետք է հաշվի առնեն», - ասաց նա։