Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԲՀԿ-ն վարչապետի առաջարկած արտահերթ ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի

ԲՀԿ-ն վարչապետի առաջարկած արտահերթ ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի
Հայաստան
12:20, 05 март 2021
ԱԺ-ում տեղի ունեցավ քառօրյային հետևող հերթական ճեպազրույցները, որտեղ ԲՀԿ պատգամավորները պատասխանեցին լրագրողների հարցերին։

Թե ինչպե՞ս է ԲՀԿ-ն վերաբերվում Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հանդիպել և քննարկել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Իվետա Տոնոյանն ասաց, որ նոր առաջարկի մասին ԲՀԿ-ն քննարկում չի ունեցել, և որոշում պետք է կայացվի քաղաքական խորհրդի ձևաչափում։ Մինչ այդ քննարկումը անձնական դիրքորոշումներ ԲՀԿ պատգամավորները չհայտնեցին։ 

Միքայել Մելքումյանը հավելեց, որ քաղաքական ճգնաժամը լիցքաթափելու համար, ըստ ԲՀԿ-ի արտահերթ ընտրությունները պարտադիր են, սակայն խնդիրը այդ ընտրությունները անցկացնելու ժամկետների և ձևաչափի մեջ է։

Հարցին, թե ԲՀԿ-ում տեսնու՞մ են արյունահեղությունների վտանգ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է մի կողմ դնել բանակի հետ կապված խնդիրները և գնալ արտահերթ ընտրությունների՝ լիցքաթափելու համար ճգնաժամը, որը կարող է բերել արյունահեղության։

Արման Աբովյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել գործընկերներին և հավելեց, որ, այո՛, բանակը՝ հայ հասարակության ամենակարևոր ինստիտուտը եղել է և շարունակում է մնալ, և իշխանությունները պարտավոր են հաշվի նստել բանակի կարծիքի հետ։ Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմաններին կամ նախապայմաններին, Արման Աբովյանը ևս մեկ անգամ նշեց, որ քանի դեռ իրենք խմբակցության պատգամավորներով չեն հանդիպել և ընդհանուր որոշում դեռ չեն կայացրել, ինքը զերծ կմնա կոնկրետ պատասխան տալուց։ Միքայել Մելքումյանը հավելեց, որ բանակը մեր պետականության երաշխավորն է, և մենք բոլորս պետք է լինենք բանակի կողքին, և մեր պետականության երաշխավորին պետք է վերաբերել հոգատարությամբ և լինել նրա կողքին։ 

Իվետա Տոնոյանը խոսեց նաև Սյունիքի սահմաններում Ադրբեջանի կողմից դիրքերը ամրացնելու մասին և ասաց, որ մինչև Սյունիքի դարպասները բաց են, Երևանում զոդվում են ԱԺ դարպասները, և դիպուկահարները ուղիղ նշանառության տակ են պահել խաղաղ ցուցարարներին։ 

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ-ի որոշում չունենալը, հաշվի առնելով, որ վարչապետի կողմից արված առաջարկից արդեն երեք օր անցել է։ Իվետա Տոնոյանն ասաց, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում և ցանկացած պահի կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որով պայմանավորված կարող են լինել որոշումների փոփոխություններ։ Հանդիպում չունենալու և ընդհանուր դիրքորոշում չունենալու մասով, Իվետա Տոնոյանն ասաց, որ այս շաբաթ իրենց խմբակցության մի շարք պատգամավորներ մարզային այցելություններ են անցկացնում և թե որ պահին նպատակահարմար կտեսնեն այդ հանդիպումն ու քննարկումն անել, դա ԲՀԿ-ի որոշելիքն է։ Եթե ԲՀԿ-ն չըտեսներ նպատակահարմարություն այդպիսի քննարկում անցկացնելու, ապա հրապարակային կասեին այդ մասին։ 
Հարցին, թե Վազգեն Մանուկյանը շարունակու՞մ է մնալ ԲՀԿ-ի թեկնածուն, Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք այլ հայտարարություն չեն արել, հետևաբար Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ իրենց թեկնածուն։

Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին Իվետա Տոնայանն ասաց, որ հանդիպում այսօր նախատեսված չէ, քանի որ դա պետք է լինի ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո, իսկ ԲՀԿ-ն այսօր այդպիսի նիստ չի գումարել։