Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այլ բառ, քան բարբարոսություն հնարավոր չէ որակել Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը․ Լիլիթ Մակունց․ Տեսանյութ

Այն, ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, միայն կարելի է որակել՝ որպես ռասիստական պետության քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ, և այլ բառով, քան բարբարոսությունն է,  որակել Ադրբեջանի ղեկավաության քաղաքականությունը, հնարավոր չէ։ Այս մասին այսօր՝ ԱԺ նիստում ասաց  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու «վերանորոգմանը»։
 
«Սա մի պետության քաղաքականություն է, որը տպավորություն է թողնում, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն ու հենց նման մոտեցմամբ էլ մոտենում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը։ Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է լինի բոլոր միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում,  Մինսկի խմբի համանախագահության ուշադրության կոնտրոնում՝ հետագա լուծումներ ստանալու համար», - նշեց Մակունցը։
 
Նրա խոսքով՝ հայության նկատմամբ էթնիկ ատելությունը չի կարող չունենալ արձագանք։
 
Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ այդ բարբարոսությունը, ինչպես նաև, գերության մեջ գտնվող հայերի նկատմամաբ վերաբերմունքն ու օրեր առաջ արմենոֆոբիկ պուրակի բացումը վկայում են այն մասին, որ Արցախի հայության անվտանգ գոյությունը Ադրբեջանի կազմում, անհնար է և աշխարհը պետք է ճանաչի հայության ինքնորոշման իրավունքը։
 
«Սա է այն քաղաքականությունն ու դիրքորոշումը, որը մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, ունենք և այստեղ որևէ փոփոխություն չկա։ Համամիտ եմ, պետք է սերտորեն աշխատել այս հարցի շուրջ՝ մեր միջազգային գործընկերների հետ», - նշեց նա։