Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները մինչև հիմա էլ սարսափում են երկրապահից, որովհետև վերջին հաշվով իրենց ծեծը 90-ականներին երկրապահն է տվել. Ռոմիկ Մխիթարյան, տեսանյութ

Երեկ՝ առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Արցախի Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, ևս մեկ ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում, նրա վիճակը ներկայումս գնահատվում է կայուն ծանր: 

Այս առնչությամբ մենք զրուցել ենք Երկրապահ կամավորականների միության Երևանի խորհրդի նախագահ Ռոմիկ Մխիթարյանի հետ։ Նա նշեց, որ այս հակամարտության ամենասկզբից նրանք իրենց նենգությունը միշտ էլ դրսևորել են։

«Երևի թե պատահականություն չէր, որ հենց Սպարապետի ծննդյան օրն իրենք կազմակերպեցին այդ դիվերսիան։ 90-ականներին  Սպարապետի ուժն էր, որ կարողացավ համախմբել բոլոր տղերքին և բերել հաղթանակներ։ Իրենք անընդհատ գնալու են սրան։ Պետք է շատ արագ մեր բանակն ու տնտեսութունը հզորացնենք, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն, հակառակ դեպքում անընդհատ այդպիսի բաներ են անելու»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։

Նշենք, որ ՌԴ ՊՆ-ն այսօրվա տեղեկագրում չի անդրադարձել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում իրականացված դիվերսիոն հարձակմանը, թեև ՌԴ խաղաղապահ զորախմբի զինծառայողներն էլ են եղել հարձակման վայրում։ Այս առնչությամբ Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ շատ ցավալի է, որ դիվերսիան կազմակերպվեց ռուս խաղաղապահների վերահսկողութան տարածքում, և ոչ մի արձագանք չկա Ռուսաստանի կողմից։

Խոսելով նաև Ադրբեջանի ՊՆ-ի այն  հայտարարությունների մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները երեկ կրակ են բացել Շուշիի տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ռոմիկ Մխիթարյանն ասաց, որ Ադրբեջանը սրանով նպատակ ունի վիժեցնել  եվրոպացի դիտորդների գալը Արցախ, քանի որ նրանք հասկանում են, որ ուշ թե շուտ եվրոպական դիտորդները կամ ՄԱԿ-ի խաղաղապահները լինելու են Արցախում, և իրավիճակն ամբողջությամբ փոխվելու է։

Նա նաև նշեց, որ միջազգային հանրության տարբեր պաշտոնյաների այցերը տարածաշրջան, նրանց հայտարարությունները և տարբեր զսպող միջոցները հենց խաղաղության օրակարգի շրջանակներում են արվում:

«Եվ այդ զսպող միջոցները բերելու են խաղաղության։ Մենք պետք է ունենանք մեր ուժեղ, հզոր բանակը, ոնց որ ժամանակին ունեինք, այդ դեպքում միայն կլռեցնենք թշնամուն։ Հիմա ամեն ինչ նորմալ է մեր սահմաններում։ Ամեն ինչ անում ենք, որ զինվորները սահմաններում չկանգնեն, երկրապահը ստանձնել է  այդ ամեն ինչը, այս դժվար, ձմեռային պայմաններում մենք  անընդհատ հերթափոխներով դժվար ուղղությունները վերցրել ենք և պահում ենք։ Կրակոցներ միշտ եղել են ու կլինեն, մինչև իմ ասած այդ խնդիրը չլուծվի։ Իրենք սարսափում են երկրապահից, որովհետև վերջին հաշվով իրենց ծեծը 90-ականներին, ինչու ոչ՝ նաև ապրիլյանին երկրապահն է տվել։ Եվ նաև, որ երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը երկրապահի նախագահն էր, նրանք  շատ լավ տեսել են մեր ուժը, իրենք հիմա էլ զգուշանում են, երկրապահը որ բարձրանում է դիրքեր, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ավելորդություն չանեն»,- ասաց Ռոմիկ Մխիթարյանը։   
Հարցին, թե որպես Վազգեն Սարգսյանի մարտական ընկեր՝ կարո՞ղ է ասել, թե ինչպիսին կլիներ Սպարապետի ուղերձն այսօրվա իրավիճակում, ի պատասխան Ռոմիկ Մխիթարյանն ասաց. «Սպարապետն իր ուղերձն արդեն թողել է իր բազմաթիվ ելույթներում, ամենակարևոր ուղերձը, որը ես համարում եմ որպես իր հրաման, դա այն էր, որ «21-րդ դարը մերն է լինելու»։ Դա հրաման է, որը մենք պարտավոր ենք կատարել, որովհետև Սպարապետի մարտական ընկերները, Սպարապետի զինվորները, ովքեր առնչվել են Սպարապետի հետ, բոլորը հանդիսանում են միասնական սպարապետ, և մենք պարտավոր ենք իր գաղափարները, իր հաղթանակները բերել դնել իր տեղը»։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան