Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Պուտինի հետ զրույցում հայտնել է իր մտահոգությունները ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցողի վերաբերյալ

«Երեկվա մեր խոսակցությունը ՌԴ նախագահի հետ նվիրված է եղել ԼՂ-ում էսկալացիայի վտանգին։ Ես ուղղակի փոխանցել եմ իմ տեղեկատվությունը, իմ տպավորությունները եւ նաեւ ընդգծել եմ, որ կարծում եմ՝ խնդիրներ կան ԼՂ-ում ՌԴ խաղաղապահության պատասխանատվության գոտում»,-«5-րդ ալիք»-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Ինձ համար ամենակարեւոր խնդիրը՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում այն է, որ շատ անսպասելի բան է տեղի ունեցել ԼՂ-ում, երբ ռուս խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանի դիմաց տեղի է ունեցել ԼՂ բնակիչների բողոքի ակցիա, եւ դա տեղի է ունեցել ոստիկանության ծառայողների սպանություններից հետո։ Ես ուզում եմ ընդգծել, որ սպանությունները տեղի են ունեցել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։ Սա մտահոգություն է, ես հարկ եմ համարել ՌԴ նախագահին փոխանցել այդ մտահոգությունները»,- նշեց Փաշինյանը։

Ի պատասխան հարցադրման, թե ի՞նչ է ասել ՌԴ նախագահը բարձրացված մտահոգությունների վերաբերյալ՝ Փաշինյանը կոռեկտ չհամարեց պարզաբանել։ «Թե ինչ է ասել ՌԴ նախագահը, եթե ՌԴ մեր գործընկերները հարկ համարեն, կհրապարակեն»,- նշեց կառավարության ղեկավարը։