Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, և դա մեզ անհանգստացնում է․ վարչապետ

Այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով «Շանթ» ՀԸ-ն հարցին, թե արդյոք Հայաստանի համար ընդունելի՞ կլինի Խաղաղության պայմանագրի մի փաստաթուղթ, որում կլինի հետևյալ ձևակերպումը՝ «ԼՂ հայերի անվտանգություն և իրավունք, որը կհամապատասխանի Ադրբեջանի Սահմանադրությանը», քանի որ վերջերս ընդդիմադիր դաշտից նման փաստաթղթի տարբերակ է շրջանառվել իբրև բանակցվող փաստաթուղթ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Կցանկանայի, որ միշտ թերահավատությամբ վերաբերվենք դեպքերին, որոնք վերաբերվում են կոնֆիդենցիալության ոլորտին, որովհետև շատ դեպքերում կարող է մի ա4 ֆորմատի թուղթ հրապարակվել և ասվել՝ որ սա է, սա է»։ 

Ուստի վարչապետն առաջարկեց արձանագրել փաստերը։ «ՀՀ-ն և Ադրբեջանը Պրագայում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությանը։ Եթե մենք չենք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ադրբեջանն էլ չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը։ Այլ խնդիր է, որ դրանից հետո Ադրբեջանը փորձում է այլ դռնով կամ ալյ խողովակով ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչելուն ուղղված գործողություններ իրականացնել»,-նշեց նա։ 

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրին՝ վարչապետը կրկնեց, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը պետք է հասցեագրվի և դրա շահառուն առաջին հերթին պետք է լինի ԼՂ ժողովուրդը, և այդ հարցը պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մեջ։  «Իմ առաջարկն այն է, որ մենք պարբերություններից չխոսենք, խոսենք սկբունքներից»։ 

Խոսելով ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից Հայաստանի հրաժարվելու քայլի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը, ցանկանալով, թե չցանկանալով, դուրս է գալիս ՀՀ-ից, և դա մեզ անհանգստացնում է»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։