Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Լայնածավալ պատերազմ չի լինի. դրան այս պահին պատրաստ չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ՝ Ադրբեջանը»․ Արմեն Վարդանյան


Civic.am-ի հյուրը քաղաքագետ Արմեն Վարդանյանն է։ 


Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից հարձակում, որպես այդպիսին, չի լինի, որովհետև վերջինս գիտի, որ այլևս գործ ունի ՀԱՊԿ-ի «հովանոցի» հետ, բայց գիտակցելով, որ 44 օրյա պատերազմից հետո Հայաստանը զգալիորեն թուլացել է՝ կփորձի դիրքային առավելություններ ստանալ։ 

 Բայց, ըստ Վարդանյանի, քանի որ Հայաստանի սահմանները խախտվել են, սա Հայաստանին լեգիտիմ իրավունք է տալիս ուժի դիմել և ոչնչացնել այդ զորախումբը։ 

 «Իհարկե, կարծում եմ, հայկական կողմը որոշ սահմանափակումներ ունի, մասնավորապես Բաքվում գտնվող մոտ 200 ռազմագերիների առկայությունը նրան թույլ չի տալիս կտրուկ քայլերի գնալ, և Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, բայց եթե իրենք շարունակեն իրենց այս կեցվածքը, ապա հայկական կողմը ունի բոլոր լեգիտիմ իրավունքները պարզապես ուժ կիրառելու և դուրս մղելու Ադրբեջանի այդ զորախումբը հայկական տարածքից», - ասաց Արմեն Վարդանյանը։

 Անդրադառնալով հնարավոր էսկալացիային, Վարդանյանը նշեց, որ հնարավոր են բախումներ, սակայն, իր կարծիքով, լայնածավալ պատերազմ չի լինի, որովհետև  դրան այս պահին պատրաստ չէ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ՝ Ադրբեջանը։ 

 «44-օրյա պատերազմից հետո, մենք լուրջ կորուստներ ունենք, իսկ Ադրբեջանում էլ շուտով՝ հունիսից հուլիս ամիսներին, մեկնարկելու է Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը, որի հյուրընկալող քաղաքներից մեկը Բաքուն է։ Դա դարակազմիկ, շատ մեծ նշանակություն ունեցող իրադարձություն է և Ադրբեջանը, բնականաբար, այս ժամանակահատվածում պատերազմ չի մղի այլ երկրի դեմ, դրա համար էլ, կարծում եմ, որ այս պահին երկու կողմերին էլ ձեռնտու չէ լայնածավալ պատերազմը և կփորձեն բանակցությունների, առանց ռազմական ուժի կիրառման այս խնդիրը լուծել», - նշեց քաղաքագետը։
 
 Վարդանյանը նշեց, որ այս գործողությունները Ադրբեջանի կողմից հնարավոր է նաև տրամադրությունների շոշափոււմ է և եթե լինի կոշտ հակազդեցություն հայկական կողմից, ապա իրենք կնահանջեն։

 «Հայկական կողմը պետք է ավելի կոշտ արձագանքի, և եթե Ադրբեջանը շարունակի իր գործողությունները, չի բացառվում, որ Երևանը ստիպված կլինի կոշտ հակազդեցություն տալ, ինչի մասին Անվտանգություն խորհրդի երեկվա նիստում ասաց նաև Նիկոլ Փաշինյանը և հայտարարեց, որ մի քանի սցենարներ են մշակվում, և կարծում եմ, որ ոչ առաջնային, բայց տարբերակներից մեկը կարող է լինել ռազմական առումով չեզոքացնել սահմանախախտներին», - ասաց Արմեն Վարդանյանը։

 Վարդանյանի կարծիքով՝ Ադրբեջանը շոշափում է ոչ միայ հայկական, այլև ռուսական կողմի տրամադրվածությունները ևս, և եթե ռուսական կողմը բավարար չափով վճռականություն չցուցաբերի, դա կարող է Ադրբեջանին մեսիջ լինել, որ իրենք շարունակեն իրենց առաջխաղացումները։

 Անդրադառնալով Իրանի դերին, Վարդանյանը նշեց, որ ուղենիշային է Իրանի ԱԳ նախարար Մուհհամեդ Ջավադ Զարիֆի՝ ամիսներ առաջ արված հայտարարությունները՝ Սյունիքը Իրանի համար «կարմիր գիծ» լինելու մասին, որը նշանակում է, որ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններն անընդունելի են Իրանի համար։ 

 «Բայց Իրանի դերը մենք միշտ շատ ենք գերագնահատել։ Չպետք է մոռանանք, որ Իրանը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Իրանում կան թուրքալեզու բնակիչներ, Իրանի խորհրդարանում կան ադրբեջանցի պատգամավորներ՝ այդ թվում իշխող խմբակցությունում, այնպես որ Իրանը, այո՛, Հայաստանի համար բարեկամ երկիր է, բայց չպետք է Իրանի դերը գերագնահատել», - նշեց քաղաքագետը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան