Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութն ուղարկել է Ոստիկանություն, նյութեր են նախապատրաստվում

Դատախազությունը ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեսանյութն ուղարկել է Ոստիկանություն, նյութեր են նախապատրաստվում
Քաղաքականություն
18:06, 03 июнь 2021
Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից Չարբախում ներկայացող և ընտրակաշառք առաջարկող կանանց մասնակցությամբ տեսանյութն ուղարկել է Ոստիկանություն։ 

«Տեսանյութն ուղարկել ենք Ոսիկանություն, որպեսզի օպերատիվ ձևով ստուգման անհրաժեշտ գործողություններ կատարեն և դրա ընթացքը լուծեն»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ու հավելեց, որ ոստիկանությունում կստուգեն բոլոր հանգամանքները, որոնք արտահայտված են տեսանյութում և եթե համապատասախանություն լինի ու հաստատվի հանցավորության հատկանիշների առկայությունը՝ ապա քրեադատավարական ընթացակարգ կապահովվի։

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք արդեն պարզել են ենթադրյալ ընտրակաշառք առաջարկող կանանց ինքնությունը, սակայն Գաբրիելյանն ընդգծեց, որ իրենք ընդամենը կարող են ասել, որ նյութեր են նախապատրաստվում, իսկ մյուս մանրամասները դատախազությունը կտեղեկացնի։ 

Հիշեցնենք, որ երեկ «Չարբախում ընտրակաշառք են առաջարկում ԲՀԿ-ի համար» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել մամուլում։ Ըստ տեսանյութի՝ երկու կին այցելել են բազմաբնակարան շենք և բնակիչներին տեղեկացնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2-3 ամսվա ընթացքում մինչև 3մլն վարկեր է մարում։