Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցյալ տարի շուրջ 32 դպրոցներում «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներ չեն դասավանդվել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում

Անցյալ տարի շուրջ 32 դպրոցներում «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներ չեն դասավանդվել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում
Քաղաքականություն
14:43, 04 июнь 2021
«Հանրակրթության ոլորտում՝ դպրոցներում կան ուսուցիչների թափուր տեղեր, երեխաները չեն կարողանում ամբողջությամբ իրացնել իրենց կրթության իրավունքը։ Օրինակ 2019-2020թթ․ ուստարում Հայաստանի թվով  32 դպրոցներում «Ֆիզիկա» առարկա չի դասավանդվել, ինչպես նաև նույնչափ դպրոցներում «Քիմիա» առարկա չի դասավանդվել, մի քանի դպրոցներում էլ չի դասավանդվել մաթեմատիկա առարկան։ 2020-2021թթ․ ուստարում Մանկավարժական բուհերում ոչ մի դիմորդ չի ընտրել «Ֆիզիկա» մասնագիտացումը»,- այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ։

Նշենք, որ ԱԺ-ում նախագիծը քննարկվում է առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ 

Նախագծի հիմնական զեկուցող Մխիթար Հայրապետյանը նշեց, որ մանկավարաժական գործունեություն ունենալու համար պարտադիր պայման է ունենալ մանկավարժական բազային կրթություն և այս նախագծով առաջարկվում է փոփոխություն․ «Առնվազն երկու անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված կազմակերպության՝ այդ թվում բուհի առաջարկած համապատասխան կրթական ծրագրի մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը»։ 

Պատգամավորի խոսքով՝ այն դպրոցներում, որտեղ ուսուցչի հայտարարված մրցույթին 2 անգամ չեն դիմի և հաստիքը կմնա թափուր՝ այդ դեպքում այն մասնագետները, որոնք չունեն բազային կրթություն, բայց ունեն մասնագիտական հմտություններ՝ կանցնեն պետական լիազոր մարմնի կողմից մշակվող կրթական ծրագիրը և հաղթահարելով մրցութային բարիերը հնարավորություն կստանան այսուհետ դասավանդել դպրոցներում։ 

Անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց թե ինչքան է կազմում սահմանամերձ շրջաններում Ֆիզիկայի ուսուցչի աշխատավարձը։

Ի պատասխան այս հարցադրման՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ վերջին տարիներին կրթական ոլորտում իրականացվող  քաղաքականության արդյունքում աշխատավարձը կարող է հասնել մինչև 150․000 դրամի՝ կախված դրույքաչափից։