Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոչ թե ավագանու շրջանակում կընտրենք քաղաքապետ, այլ հնարավորություն կտրվի Երևանի բնակիչներին ընտրություն կատարելու. ավագանու անդամները՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին

Ոչ թե ավագանու շրջանակում կընտրենք քաղաքապետ, այլ հնարավորություն կտրվի Երևանի բնակիչներին ընտրություն կատարելու. ավագանու անդամները՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին
Քաղաքականություն
18:40, 04 апрель 2023
Թեպետ Երևանի ավագանին այսօր քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց, այնուամենայնիվ ավագանու կազմում ընդգրկված երեք խմբակցություններն էլ քաղաքապետի թեկնածու չեն առաջադրի։ 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն արդեն իսկ տեղեկացրել է, որ խմբակցությունը որոշել է այս փուլում քաղաքապետ չընտրել, ուստի ապրիլի 11-ի արտահերթ նիստին իրենք չեն մասնակցի։ 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած դեռ վերջնական քննարկում չեն ունեցել, բայց այդ նիստին իրենց մասնակցությունը ևս իմաստավորված չի լինի: «Ուստի մենք ոչ թե ավագանու շրջանակում կընտրենք քաղաքապետ, այլ հաջորդ հնարավորությունը կտրվի Երևանի բնակիչներին՝ ընտրություն կատարելու։ Եթե վաղաժամ զարգացումներ չլինեն, սեպտեմբեր ամսին կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ»,- ասաց Խաժակյանն ու հավելեց, որ իր ընկալմամբ՝ քաղաքապետ չընտրելուց հետո ավագանու ժամկետի կրճատում չի լինելու, այսինքն՝ մինչև սեպտեմբեր Երևանի ավագանին նույն կազմով կմնա։   

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ ապրիլի 11-ին քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, բայց նիստին կմասնակցեն, թե ոչ՝ դեռ չեն որոշել: «Մենք ներկա պահին որոշում չունենք, որովհետև քննարկում չենք ունեցել խմբակցությունով՝ մասնակցելո՞ւ ենք նիստին, թե՞ ոչ։ Ավագանու անդամների մեծամասնությունը կազմում է «Իմ քայլը», և եթե նրանք ունեն քաղաքական որոշում՝ չմասնակցելու նիստին, բնականաբար քվորում չի ապահովվելու, հետևաբար շոու չենք անելու՝ քաղաքապետի թեկնածու առաջադրենք ու մենք մերոնցով նստենք։ Հարցը բացառապես մեր նիստին մասնակցել կամ չմասնակցելն է, որովհետև մեր խմբակցությունը այս 4,5 տարիների ընթացքում որևէ նիստից չի բացակայել»,- ասաց Մանրիկյանը։  

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնած Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց մարտի 17-ին։ 

Նարա Մարտիրոսյան