Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից՝ 65 կողմ ձայներով

Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից՝ 65 կողմ ձայներով
Քաղաքականություն
11:52, 12 апрель 2023
ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին:

Ինչպես տեղեկացրեց ԱԺ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 65-ը. «Քվեատուփում առկա է եղել 65 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 65, դեմ՝ 0»:

Այսպիսով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զրկվեց անձեռնմխելիությունից:

Ըստ միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ԱԺ վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում 2023 թվականի մարտի 31-ին սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ` ժամը 11։15-ի սահմաններում, խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Մասնավորապես՝ Մ.Ս.-ն ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահին, փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վ.Վ.-ի միջև նստած պատգամավոր Ա.Ղ.-ին, մոտեցել Հանձնաժողովի նախագահին և աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:

Մհեր Սահականը չի ընդունել մեղադրանքը՝ հայտարարելով, որ ինքնապաշտպանվել է ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի հնարավոր հարվածից։