Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1990 թվականից մանկապարտեզ չի եղել․ Գայ համայնքում Կառավարությունը կառուցում է 316 միլիոն դրամի մանկապարտեզ․ Նիկոլ Փաշինյան

1990 թվականից մանկապարտեզ չի եղել․ Գայ համայնքում Կառավարությունը կառուցում է 316 միլիոն դրամի մանկապարտեզ․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
15:05, 07 июнь 2021
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավի մեկնարկին Արմավիրի մարզի Գայ գյուղում են։ Հավաքված քաղաքացիները Փաշինյանին դիմավորեցին ծափողջույններով եւ «Նիկոլ վարչապետ», «Նիկոլ» վանկարկումներով։

Փաշինյանը ելույթից առաջ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան առաջին, քառօրյա եւ վերջին պատերազմի զոհերի եւ բոլոր նահատակների հիշատակը։

Նա իր խոսքում կարեւորեց աշխատանքի արդյունավետության բարձրացման խնդիրը եւ ասաց. «Մենք պատկերացնում ենք, որպեսզի ովքեր ունեն ջերմոցներ՝ երկու հարցում աջակցենք. առաջինը՝ հնարավորինս շատ արդյունավետ լինի, որ ջերմոցները ոչ միայն գազով ջերմացվեն, այլ նաեւ արեւային պանելներ դրվեն, հողի էներգիան օգտագործվի, ավելի շատ տեխնիկա օգտագործվի եւ ձեռքի աշխատանքը ավելի քիչ դառնա, եւ մեր գյուղացիները հնարավորություն ունենան նոր տեխնոլոգիաներով իրենց իսկ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել»։

Փաշինյանը շեշտեց, որ այդ ճանապարհին կարեւորը կրթությունն է. «Մենք այսօր շատ ուրախ ենք, որ Գայ համայնքում Կառավարությունը կառուցում է գյուղի աշխատանքին արժանի մանկապարտեզ։ 1990 թվականից մանկապարտեզ չի եղել, 316 միլիոն դրամի հատկացում է արված, երկհարկանի մանկապարտեզ է, որտեղ 100-ից ավելի երեխաներ գնալու են մանկապարտեզ։ Երբ մենք ասում ենք՝ ապագա կա, նկատի ունենք, որ այդ ապագայի ստեղծման գործում պետք է իրար աջակցենք։ Երեխաներին պետք է աջակցենք մանկապարտեզից մինչեւ բարձրագույն ուսումնական հաստատություն, որպեսզի իրենց կյանքի որակը ավելի բարձրացնենք»։

Նա ասաց, որ Գայ համայնքում կան ջերմոցներ եւ ասաց․ «Ես ուզում եմ, որ երեխաները իրենց ծնողների աշխատանքը շարունակելով ավելի արդյունավետ դարձնեն դրանք»։ 

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում կան ինտենսիվ այգիներ, որոնց համար Եվրոպայից մասնագետներ են հրավիրում եւ ժամը 1․000 դոլար աշխատավարձ են տալիս. «Մեր խնդիրը պիտի լինի այն, որ երեխաների կյանքը կառուցենք այնպես, որ ոչ թե իրենք մտածեն, որտեղ օրը 5000 դրամով բանվորություն անեն, այլ իրենք 1000 դոլարով աշխատանքի տերը լինեն»։

Վարչապետի պաշտոնակատարը ընգծեց․ «Ուսուցիչ, բժիշկ, զինվոր. այս երեք սուբյեկտներն են մեր պետության հենասյուները. մեր ժողովուրդը պետք է իր համար ապահովի նրանց պատշաճ աշխատավարձը, աշխատանքային պայմանները եւ պատշաճ որակավորումը»։