Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն բիրտ ուժով պիտի՛ Ադրբեջանի անցակետը հեռացնի․ թե չէ՝ վեշերը թող կապեն, դո՛ւրս գան ԼՂ-ից․ Սամվել Բաբայան․ factor.am

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ԱՀ կառավարության և ՌԴ խաղաղապահների ջանքերի արդյունքում որոշակիորեն վերականգնել է վերջին օրերին Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով խափանված հումանիտար բեռների ներկրումը Հայաստանից: Ներկրվել է սննդամթերք։

Ի՞նչ դրություն է հիմա Արցախում։ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանի անցակետը ՌԴ-ն պետք է հեռացնի ուժի կիրառումով, քանի որ բանակցային գործընթացով այլևս հնարավոր չի լինելու հասնել անցակետի հեռացման։

«Լուծե՛ք խնդիրը կամ վեշերը կապեք, դուրս եկեք Ղարաբաղից։ Եթե Ադրբեջանը չհանի անցակետը, իրենք կհասկանան՝ ոչնչի պիտանի չեն։ Անհնար է, մենք չենք համակերպվի ադրբեջանական անցակետի հետ։ ՌԴ-ն բիրտ ուժ պիտի գործադրի Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանն ուժի կիրառում պիտի տեսնի, բանակցելով չի հեռացնի անցակետը, սա միակ բանն է, որ պետք է անի ՌԴ-ն։ Եթե չեն անում, անկարողության հարցը պիտի բարձրաձայնեն։ Ադրբեջանը լկտի պահվածքը կշարունակի, քանի դեռ անհապաղ մեր պաշտպանությունը չենք ստեղծել, որ բալանս վերականգնենք, Ադրբեջանի հետ լեզվով նստենք խոսելու։ Բլեֆ է Ադրբեջանի բանակի ուժեղ լինելը․ հետո կպարզվի, որ բանակ չուներ, խաբեց մեզ։ Նա չունի այն, ինչ ներկայացնում է։ Չավուշօղլուն ասում է՝ «Բայրաքթար»-ը չլիներ, Արդբեջանը խնդիր չէր լուծի, ի՞նչ մեսիջ է նա տալիս։ Չունի այդ բանակը, վռազ է։ Մի՛ կոտորեք ժողովրդին, կրկեսին վե՛րջ տվեք։ Պրոֆեսիոնալ բանակի պիտի անցնենք․ սա մեր վերջին շանսն է ստրկության մեջ չապրելու»,- ասաց Սամվել Բաբայանը։