Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահ զորակազմի 5 հրամանատար՝ 3 տարում․ Հին Թաղերի, Խծաբերդի, Փառուխի, Լաչինի միջանցքի փակումն ու անցակետի տեղադրումը թույլ տված խաղաղապահ զորակազմը իրացնում է վերադասի կամքը

Խաղաղապահ զորակազմի 5 հրամանատար՝ 3 տարում․ Հին Թաղերի, Խծաբերդի, Փառուխի, Լաչինի միջանցքի փակումն ու անցակետի տեղադրումը թույլ տված խաղաղապահ զորակազմը իրացնում է վերադասի կամքը
Քաղաքականություն
20:40, 02 май 2023
Լաչինի միջանցքում ապօրինի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կոպիտ խախտմամբ հսկիչ անցակետի տեղադրումը համընկավ ռուսական խաղաղապահ զորակազմի նոր հրամանատարի նշանակման հետ։ Նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովն էլ, առաքելության հրամանատարության «ընդունում-հանձնումը»  կատարեց առերեսվելով փաստին՝ անցակետի՝ արդեն իսկ տեղադրված լինելուն։

 Արցախում և հասարակական-քաղաքական որոշ շրջանակներում մեծ է  սպասումը զորախմբի նոր հրամանատարից, ակնկալվում է, որ նրան կհաջողվի բանակցել ադրբեջանական կողմի հետ և «լիկվիդացնել խնդիրը»՝ վերացնել  անցակետը։

 Նշենք, որ երեկ Լենցովը, որը նշանակվելուց հետո արդեն իսկ հասցրել է հանդիպել ՀՀ  պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, երեկ հանդիպել է նաև  Արցախի նախագահի, Արցախի պետական նախարարի,  Ներքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ:  Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում  հայտնել է, որ քննարկման ժամանակ արցախյան կողմը ներկայացրել է իր դիրքորոշումը իրավիճակի կարգավորման վերաբերյալ, որը բխում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից։ Ըստ այդմ՝ Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,  Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,  Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

Ուշագրավ է, որ Լենցովը արցախյան կողմին լսելուց հետո հայտնել է, թե առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և «հարցին կկարողանա  անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:

Ակնկալել, որ նոր հրամանատարին կհաջողվի համոզել Ադրբեջանին  և հասնել հատուկ ցուցադրականությամբ բացված անցակետի վերացմանը, թերևս ժամանակի անիմաստ կորուստ է։ Եվ սա գիտակցում են նաև Արցախում, հաշվի առնելով ՌԴ միջնորդության արդեն ծանոթ ձեռագիրը։ Եվ այդ գիտակցման մասին է վկայում հայտարարության մեջ ՀՀ-ին, միջազգային հանրությանը, աշխարհասփյուռ հայությանն ուղղված կոչը՝ մասնավորապես ձեռնարկել  բոլոր քայլերը եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ։  Այդ կոչը կարելի է այսպես վերծանել՝ մեր հույսը դուք եք, լենցովների վրա հույս դնելը «սրտի մխիթարանք» է։  
 
Նկատենք, որ նույն այդ զորակազմի աչքի առաջ է տեղի ունեցել անցակետի տեղադրումը, դրա ուղղությամբ  ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքը։  
 
Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, մինչդեռ,  մատը մատին չի տվել անցակետի տեղակայումը թույլ չտալու, կանխելու համար, գուցե անգործունակության, անկարող լինելու, գուցե նաև այն պատճառով, որ չի եղել տեղի ունեցողին միջամտելու՝ վերևից իջեցված համապատասխան հրահանգը։  Եվ այժմ, ստացվում է, անգործություն թույլ տված նույն ռուսական խաղաղապահ զորակազմը պետք է փորձի վերացնել իր իսկ անգործության հետևանքները՝ ապամոնտաժել  կյանքի կոչված պրոյեկտը։ Գործ ունենք պրոբլեմ ստեղծելու, ապա այն հերոսաբար լուծել փորձելուն արդեն ծանոթ պրակտիկայի հետ, որի անդառնալի հետևանքներին, նկատենք,  Արցախը բախվում է  խաղաղապահ զորակազմի տեղակայումից ի վեր։
 
Հիշեցնենք, որ «էն սհաթից», երբ ռուսական խաղաղապահ զորակազմի ոտքը դիպավ Արցախի հողին,  տարածքային կորուստներ ենք արձանագրել։ Մասնավորապես Հին Թաղերի, Խծաբերդի, Դիզափայտի լեռան (2020 թ․ դեկտեմբեր), ապաև՝  Փառուխի, Քարագլխի (2022 թ․ մարտ) կորուստը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման՝ պատասխանատվության գոտում, կորսված այս բնակավայրերը հետ բերելու ուղղությամբ տեղի են ունեցել ռուս-ադրբեջանական բանակցություններ, որոնք, սակայն, մնացել են ապարդյուն։  Նույն պատկերին ականատես եղանք և շարունակում ենք լինել Լաչինի միջանցքը՝ ռուս խաղաղապահների անվրդով հայացքի ներքո  կեղծ բնապահպանների կողմից շրջափակելուց հետո․ ռուսական կողմը ամենաբարձր մակարդակով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, քանիցս  հայտարարեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման շուրջ, իբրև թե, տեղի ունեցող բանակցությունների և «մոտ ժամանակներս» խնդրի վերացման մասին, սակայն միջանցքի կամայական  փակումը ոչ միայն չվերացվեց, այլ իրավիճակն է՛լ ավելի բարդացվեց ՝ադրբեջանցի  կեղծ էկոակտիվիստներին փոխարինելու եկան վարչական գործառույթներ  իրականացնող  այլ ադրբեջանցի «ակտիվիստներ», այսինքն՝  Ադրբեջանը էքստերիտորիալ միջանցքի անվտանգ ու անխափան երթևեկը երաշխավորող սուբյեկտից, փաստորեն, վերաճեց դրա նկատմամբ վերահսկողական գործառույթներ իրականացնող սուբյեկտի՝ փաստացի ստանձնելով ռուս խաղաղապահների մանդատով նախատեսված գործառույթ։ Ստեղծված իրավիճակում,  փաստորեն, ռուս խաղաղապահները իրենց պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում, պետք է վերահսկեն ոչ թե Արցախ ելումուտ անողների, այլ՝ անցակետը «աշխատացնող» ադրբեջանցի վերակացուների գործունեության անվտանգությունը։ 
 
Երեք տարում՝ 5 խաղաղապահ հրամանատար,  հայկական կողմից  բազում տարածքային, մարդկային  կորուստներ
 
Խաղաղապահ զորակազմի նոր  հրամանատար Լենցովը, որի նշանակման հետ կապված մեծ հույսեր են փայփայվում, հինգերորդ հրամանատարն է։

 Հիշեցնենք, որ նրա նախորդը՝ գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը, այդ պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա սկզբին (հրամանատարների փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակներում)։ Վոլկովը զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020-ի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիս, երբ խաղաղապահների ղեկավարը գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն էր։

 Վերջինս Արցախում ռուս խաղաղապահ զորակազմի առաջին հրամանատարն էր, 2020-ի նոյեմբերից 2021-ի սեպտեմբեր)։ Հարկ է նկատել, որ երբ Մուրադովին  փոխարինեց Միխայիլ Կոսոբոկովը, նրա նշանակման հետ կապված ադրբեջանական կողմը իր դժգոհությունը հայտնեց, ինչի հետևանքով Կոսոբոկովը պաշտոնավարեց ընդամենը մեկ ամիս։ Բաքվի մերձիշխանական և փորձագիտական շրջանակներից հնչող բողոքների գլխավոր պատճառը Կոսոբոկովի կենսագրությունն էր, մասնավորապես այն, որ զինվորականը  վերջին տարիներին հասցրել է ծառայել հետխորհրդային տարածքի հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն  նախապատվությունը տվել է ոչ թե տարածքային ամբողջականությանը, այլ ազգերի ինքնորոշման սկզբունքին։ Արցախում ամենակարճը պաշտոնավարած հրամանատար Կոսոբոկովը  2015-2017 թթ․ եղել է Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմակայանի հրամանատարը, մինչ այդ էլ ծառայել ՌԴ-ի կողմից բռնակցված Ղրիմում՝ որպես Սևծովյան նավատորմի կազմում գործող բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ։ Հատկանշական է, որ ՌԴ բարձր ղեկավարությունը, արագ արձագանքեց Ադրբեջանից հնչող դժգոհություններին և լուծեց անցանկալի հրամանատրի հարցը՝ նրան փոխարինելով մեկ ուրիշով՝ Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինով:

Վերջինիս ծառայողական անցյալը,  նկատենք,  կրկնում է իր նախորդի անցած ուղին․ Անաշկինը նույնպես  ուղղակի առնչություն է ունեցել հետխորհրդային տարածքի սառեցված հակամարտություններից մեկի՝ վրաց-օսականի հետ։ Վրաստանի դեմ պատերազմի ավարտից երեք շաբաթ չանցած ՌԴ նախագահ Պուտինը Անաշկինին ՌԴ հերոսի կոչում էր շնորհել, իսկ ՌԴ ՊՆ-ն  նրա ղեկավարած գունդը հռչակել էր տարվա լավագույն դեսանտային ստորաբաժանում։

Հարկ է նշել, որ Անաշկինի նշանակումից հետո ադրբեջանական տիրույթում քննարկումները սկսեցին այլ համատեքստում ընթանալ։ Բաքվեցի փորձագետների համոզմամբ՝ խաղաղապահների հրամանատարի անձը շատ քիչ նշանակություն ունի, քանի որ վերջնական որոշումները միևնույն է կայացվելու են Կրեմլում։  Ադրբեջանցի քաղաքագետ Ազեր Ղասիմլին կարծիք էր հայտնել, թե  Կոսոբոկովի պաշտոնանկությունը Ադրբեջանի կողմից գործադրված դիվանագիտական ճնշման հետևանքն էր։ Եվ բացի այդ, ըստ Ղասիմլիի,  «կարևոր չէ, թե ով է հրամանատարը՝ Կոսոբոկովը թե Անաշկինը, միևնույն է ռուսական զորախումբը Ադրբեջանի կամ Հայաստանի կարծիքը չի հարցնելու։  Ի վերջո՝ խաղաղապահ զորակազմը  կատարելու է այն առաջադրանքերը, խնդիրները,  որոնք նրանց   առջև դնելու է ՌԴ  ղեկավարությունը»,- նշել էր սույն քաղաքագետը։  

Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար  Սուլհեդդին Աքփերն էլ  մասնավորապես հայտարարել էր․   «Խաղաղապահ զորախումբը Ադրբեջանի վրա ազդեցության գործիքներից մեկն է և դրա հրամանատարի ով լինելը զուտ տեխնիկական խնդիր է»։ 

Ի դեպ, 66-ամյա գեներալ-գնդապետ, ՌԴ ԶՈւ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Լենցովի կենսագրականից տեղեկանում ենք, որ նա նույնպես  «թեժ կետերում» ծառայելու հարուստ փորձ ունի՝ Աֆղանստան, Չեչնիա (երկու պատերազմ), Բոսնիա (եղել է ռուս խաղաղապահների ստորաբաժանման հրամանատարը), Հարավային Օսիա, Սիրիա,Դոնբաս․․․ ։ 2020 թվականի հունվարի 22-ին ՌԴ նախագահի հրամանագրով ազատվել է ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՌԴ պաշտպանության նախարարի խորհրդական։ Արժանացել է մի շարք պարգևների, մասնավորապես՝ Պատվո լեգեոնի շքանշանի սպա է (ԱՄՆ), ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշանանակիր, արժանացել է ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանի, Արիության շքանշանի, Մարտական վաստակի շքանշանի։ 

Թե արդյոք Լենցովի անցած ուղին, մարտական, ծառայողական վաստակը  կօգնի ազդել Ադրբեջանի վրա և ստիպել կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները՝ միաժամանակ վերացնելով նույն այդ հայտարարության խախտումները՝ մասնավորապես անցակետի վերացում և Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկի վերականգնում, կերևա շաբաթավերջին։ Սա այն ժամկետն է, որը, հիշեցնենք, խնդրել էր Լենցովը Արցախի ղեկավարության հետ երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։   
 
Հեղինե Մանուկյան