Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ մեկը չկասկածի. մենք ի վիճակի ենք արմատախիլ անել ժողովրդի կամքի վրա ապօրինի ներգործելու ցանկացած փորձ. Փաշինյան․ Տեսանյութ

Որևէ մեկը չկասկածի. մենք ի վիճակի ենք արմատախիլ անել ժողովրդի կամքի վրա ապօրինի  ներգործելու ցանկացած փորձ. Փաշինյան․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:42, 10 июнь 2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 10-ին, Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ Ստեփանավան քաղաքում հավաքվածներին նախ շնորհակալություն հայտնեց վերջին 10 ամիսների քաղաքացիական, պետականամետ կեցվածքի համար: «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո մեր պետականությունը շատ մեծ վտանգի առաջ էր կանգնած, և խաղասեղանին էին դրված մեր պետականությունն ու ինքնիշխանությունը:

Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այդ ծանր փորձությունների միջով անցանք առանց քաղաքացիական բախումների, առանց նույնիսկ մի կրակոցի: Եվ դա առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեր շնորհիվ: Եվ ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում այդ պատասխանատու կեցվածքի համար»:

Նրա խոսքով` հիմա արդեն գաղտնալսված ձայնագրություն լսելով մարդիկ կարող են սեփական վերլուծությունը անել և իմանալ, թե ինչ է կատարվել: «Իշխանությանն ուղղված ամենաքստմնելի մեղադրանքներին դուք հավատ չարժանացրիք նաև այն պատճառով, քանի որ Հայաստանի իշխանությունը հոգևոր և արժեքային կապով կապված է սեփական ժողովրդի հետ: Հավատացեք` մենք զգացել ենք այն, ինչ դուք եք զգացել, ապրել ենք այն, ինչ դուք եք ապրել»:

Նա ընդգծեց, որ ժողովրդի իշխանությունը կրկին վերադարձնում են ժողովրդին. «Եվ ահա այդ պահը եկել է, վիճակը նետված է: Եվ այսօր ՀՀ այն քաղաքացին, որը նոյեմբեր-դեկտեմբերին թույլ չտվեց իշխանության բռնազավթում, պետականության անկում, այսօր նա ՀՀ-ում բարձրագույն իշխանություն է: Մենք անցել ենք աղետի միջով, բայց չենք քանդվել, մենք ամուր մնացել ենք մեր դիրքերում: 2018-ին մենք էինք ձեզ դուխ տալիս, այսօր դուք եք մեզ դուխ տալիս»:

Նա նշեց, որ այսօր արդեն կան ընտրակաշառքի գործով առաջին ձերբակալվածները. «Որևէ մեկը չկասկածի. մենք ի վիճակի ենք արմատախիլ անել ժողովրդի կամքի վրա ապօրինի  ներգործելու ցանկացած փորձ»: