Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում են որոշել ժողովրդի փոխարեն և ասում են՝ չարքաշ աշխատավորին պետք է զրկել ձայնի իրավունքից. Մենք ասում ենք՝ ո՛չ, պետք է ամրապնդել ժողովրդի իրավունքները. Փաշինյան․ Տեսանյութ

«Անցյալ տարի կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջային հոսքերը դադարեցին, բայց մենք հույս ունենք, որ այս տարի դրանք կվերականգնվեն, որպեսզի դուք աշխատելու, արարելու, հարստանալու և հարստացնելու հնարավորություն ունենաք»,- նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում այսօր՝ հունիսի 12-ին, Շողակաթ համայնքում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այժմ գործարարության ու զբոսաշրջության տարբեր ծրագրեր կան. «Հույս ունեմ, որ այդ ծրագրերից տեղյակ եք և կարողանում եք օգտվել: Իսկ եթե չեք օգտվել, ապա դուք էլ նախաձեռնողականություն ցուցաբերեք այդ ծրագրերից օգտվելու համար»:

Հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Մենք հիմա պիտի որոշենք, թե հիմնարար, բովանդակային առումով ով է Հայաստանի Հանրապետությունում իշխանություն: Մեր խնդիրն է, որ պահպանվի ժողովրդի իշխանությունը: Ժողովուրդը այսօր Հայաստանի Հանրապետությունում որոշիչ գործոն է և որոշիչ դերակատար: Դա է, որ չի ներվում շատերի կողմից, որովհետև մարդիկ ուզում են որոշել ժողովրդի փոխարեն: Նույնիսկ այսօր ձեզ հայտնի ընդդիմադիր շրջանակներից ցույց են տալիս չարքաշ աշխատավոր մարդկանց, նրանց հետ հարցազրույցներն են ցույց տալիս, ասում են՝ հլա նայեք, այս մարդիկ բան չեն հասկանում, նրանց պետք է զրկել ձայնի իրավունքից: Ո՛չ, մենք ասում ենք՝ նրանց ձայնի իրավունքը պետք է ամրապնդել, նրանց երեխաների կրթության իրավունքը պետք է ամրապնդել, նրանց գործարարությամբ զբաղվելու իրավունքը պետք է ամրապնդել: Եվ, այո, մեր հավաքական ջանքերով մեր անվտանգությունը պետք է ամրապնդել, որովհետև մեր անվտանգությունը սնվում է պետական բյուջեի միջոցներից, իսկ այն ձևավորվում է մեր վճարած հարկերից»: