Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք երբեք-երբեք ձեզ մենակ չենք թողնի, մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ. Մենք մի օջախ ենք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն. Փաշինյանը՝ գորիսեցիներին․ Տեսանյութ

Մենք երբեք-երբեք ձեզ մենակ չենք թողնի, մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ. Մենք մի օջախ ենք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն. Փաշինյանը՝ գորիսեցիներին․ Տեսանյութ
Քաղաքականություն
12:35, 15 июнь 2021
Այսօր՝ հունիսի 15-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ Գորիսում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իմ հերոս, իմ հպարտ, իմ հերոսական Գորիս, խոնարհվում եմ բոլորիդ առաջ: Պատերազմի օրերին հազարավոր գորիսցիներն իրենց տներում են հյուրընկալել տեղահանված արցախցի մեր հարազատներին: Բոլոր հյուրանոցներն ու հյուրատները այդ օրերին ըստ էության փակել են իրենց բիզնեսները և դրանք ամբողջովին դրել տեղահանված մեր հայրենակիցների տրամադրության տակ: Շտապօգնության վարորդներն ու բժիշկները հերոսի նման կանգնած են եղել մեր հայրենիքի փրկության դիրքերում»:

«Մենք  երբեք-երբեք ձեզ մենակ չենք թողնի, մենք հող կդառնանք ձեր ոտքերի տակ, որովհետև մենք պարտք ունենք ձեզ տալու»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նշեց, որ իրենք նկատել են յուրաքանչյուր գործարար գորիսեցու ծառայությունը. «Դա արժանի է ամենաբարձր մակարդակով գնահատանքի, և այդ գնահատանքին դուք անպայման կարժանանաք, սիրելի գորիսեցիներ»:

Ինչպես նշեց Փաշինյանը, միասնության ավտոերթի նպատակն է թույլ չտալ, որ որևէ մեկը Սյունիքը հակադրի մնացած Հայաստանին կամ հակառակը. «Մեր նպատակն է ցույց տալ, որ Հայաստանը միասնական է, և միասնականությունն է մեր խնդրի լուծման ճանապարհը: Մեր բոլորի երակներում Արամ Մանուկյանի արյունն է, Դավիթ-Բեկի արյունն է, Գարեգին Նժդեհի, Մոնթեի, Վազգեն Սարգսյանի արյունն է: Մենք հարազատ եղբայրներ ու քույրեր ենք, մենք մի օջախ ենք, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, հայ ժողովուրդ՝ Արցախում և Սփյուռքում»: