Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«124 մտավորականները գտել են իրենց կուռքին, որին գովերգելու են այն հույսով, որ կարողանան ապագա կերակրատաշտից ինչ-որ մի մաս պոկել»․ Ռուբեն Մեհրաբյան

Civic.am-ի հյուրը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Մեհրաբյանն է։
Մեհրաբյանի կարծիքով՝ շատ ակտիվ, դինամիկ քարոզարշավ են անցկացնում և իրենց տպավորությամբ մարդիկ շատ սթափ են գնահատում Հայաստանում և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Մարդիկ չափազանց դժգոհ են այն փաստից, որ որոշ շրջանակներ այս ընտրություններին պետք է հետևեին ճաղերի ետևից, այլ ոչ թե մասնակցի կարգավիճակով», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
 
 Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելուն ուղղված կոչերին, Մեհրաբյանն ասաց․ «Աշխարհագրությունը մեզ սովորեցնում է, որ աշխարհն ունի չորս կողմ, այլ ոչ միայն հյուսիս։ Հայաստանը, Սահմանադրության համաձայն, ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական և սոցիալական պետություն է և մեր արտաքին քաղաքականությունը պետք է սպասարկի այս նշածս հատկանիշներին։ Մենք չպետք է մեր մնացած քաղաքական ուղղությունները կախման մեջ դնենք և նայենք՝ հյուսիսում մեզնից գոհ կլինեն, թե՞ դժգոհ։ Ռուսաստանը մեզ պարտնյոր չի համարում։ Ռուսաստանը մեզ համարում է մանրադրամ, որ կարող է դրվել վաճառասեղանին, եթե Բաքվից և Անկարայից դրա համար տրվեն հարմար առաջարկություններ»։
 
 Անդրադառնալով 124 մտավորականների տարածած հայտարարությանը, Մեհրաբյանն ասաց, որ այդ մարդիկ կապ չեն ունեցել հասարակության հետ, հասարակության շահերի հետ և հենց այդ շրջանակներից են հնչել, որ «Հայաստանը քոսոտ երկիր է»։ «Սրանք այդ գետտոյի ինտելեկտը և բարոյականությունը կրող շրջանակ են, որ գտել են իրենց կուռքին, իրենց պախանին և, բնականաբար, գովերգելու են այն հույսով, որ կարողանալու են ապագա այդ կերակրատաշտից ինչ-որ մի մաս պոկել», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
 
 Անդրադառնալով Էրդողան- Ալիև և Էրդողան-Բայդեն հանդիպումներին, Մեհրաբյանն ասաց, որ Շուշիում ստորագրված հռչակագիրը ռազմավարական հիմքերի վրա է դնում Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները։ «Բայդեն-Էրդողան հանդիպումն էլ չափազանց ուշագրավ է նրանով, որ երկու կողմն էլ խոսում են պոզիտիվի մասին, սակայն որևէ արդյունք չկա։ Այսինքն՝ անելիքի վերաբերյալ որևէ կոնկրետություն չկա», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան