Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է ռուսական ճնշումները բալանսավորելու ճանապարհներ գտնենք, Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին․ Ռուբեն Մեհրաբյան

Civic.am-ի հյուրը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Ռուբեն Մեհրաբյանն է։

«Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքը ոչ միայն բավարար չի, այլև վիրավորական է մարդկային բանականությանը։ Իհարկե, ցանկացած երկու հարևան երկրներ իրար միջև պետք է ունենան դելիմիտացված և դեմարկացված սահմաններ, բայց ինչպես ասվում է՝ սատանան դետալների մեջ է։ Քանի մենք չունենք Ղարաբաղի հարցի կարգավորում, Ադրբեջանը և Հայաստանը ունեն տրամագծորեն հակառակ տեսակետներ՝ կապված Ղարաբաղի հարցի կարգավորման հետ, ու մեկ էլ մենք անցնում ենք սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային։ Եվ մենք տեսնում ենք, որ հայակական կողմի դատապարտող հայտարարություններին մեր ռազմավարական դաշնակիցը չի միանում։ Ավելին՝ մենք միտում ենք տեսնում, որ Ռուսաստանը թելում է Ադրբեջանի թելը», - զրւոյցի սկզբում կարծիք հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը։

«Դելիմիտացիան և դեմարկացիան պետք է տեղի ունենան միջազգային ստանդարտներին համապատասխան։ Դա պետք է տեղի ունենա միջազգային դիտորդների մասնակցությամբ, միջազգային մասնակիցների ակտիվ ներգրավմամբ, այլ ոչ թե ռուսական միջնորդությամբ ծածկադմբոցի վերածվի», - նշեց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Մեհրաբյանը նշեց, որ հայկական կողմը պետք հանձնաժողովի հետ կապված  կոնստրուկտիվ լինի, բայց այս աշխատանքները պետք է պայմանավորի նրանով, որ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի վերջնական կարգավորման օրակարգը պետք է դառնա առաջնային։

«Իդեալական կլիներ, եթե այս ամենը ձևակերպվեր ՄԱԿ ԱԽ բանաձևով, ինչի հետ կապված Ֆրանսիան առաջարկ է արել։ Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ ԱԽ-ին, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր։ Ռուսական կողմը կաշկանդում է հայկական կողմին այլ ուղղություններով ակտիվություն ցուցաբերել։ Հայաստանի իշխանությունները հասկանում են օգուտները և վնասները, սակայն կաշկանդված են իրենց գործողություններում»,- ասաց Մեհրաբյանը։

Ռուսաստանի ճնշման լծակները մեզ վրա, ըստ Մեհրաբյանի, մեծ են, բայց մենք չպետք է ճնշվենք, այլ պետք է ճնշումները բալանսավորելու ճանապարհներ փնտրենք։ «Չպետք է ասենք՝ հանկարծ չճնշեք, հանկարծ «հոկտեմբերի 27» չանեք, հանկարծ Սոչիում խոհանոցներից ծիկրակող լածիրակներին օրը երեք անգամ նոր նյութեր չմատակարարեք և այլն և այլն։ Այդպիսի դաշնակիցնե՞ր են լինում։ Հո մենք պատանդ չե՞նք իրենց ձեռքին», - ասաց Մեհրաբյանը։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և սպասվող ընտրություններին, Մեհրաբյանը նշեց, որ իրենց կողմից փորձեր եղել են բոլոր առողջ ուժերի հետ միավորվել, սակայն իրենք կգնան ընտրությունների «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքով։

«Մենք քաղաքացիներին առաջարկելու ենք ռեֆորմների շարունակություն։ Առաջնային, խոսքը վերաբերելու է դատական, իրավապահ և պետական համակարգերի ռեֆորմների իրականացմանը»,- ասաց Մեհրաբյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում:

 
Վովա Հակոբյան