Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր խորհրդարանական դիվանագիտությունը, ցավոք, բավարար պահանջկոտ չէ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ․ Բորիս Նավասարդյանը՝ ԵԽԽՎ-ում ՌԴ քվեարկության մասին

Մեր խորհրդարանական դիվանագիտությունը, ցավոք, բավարար պահանջկոտ չէ ռազմավարական գործընկերոջ նկատմամբ․ Բորիս Նավասարդյանը՝ ԵԽԽՎ-ում ՌԴ քվեարկության մասին
Հայաստան
17:34, 21 апрель 2021
«Միջազգային հանրությունը, կարծես թե, աչքերը բացում է այն ամենի վրա, ինչ տեղի է ունեցել անցած տարվա աշնանը, և փորձում է ազդեցություն ունենալ այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում գերիների հարցով քննարկումներին։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս հարցում դժվարությունն այն է, որ պատերազմի արդյունքում տարածաշրջանում հիմնական խաղացողները դարձել են Ռուսաստանը և Թուրքիան, իսկ Արևմուտքը գիտակցում է, որ այստեղ դերակատար լինելու համար պետք է օգտագործել կամ ռուսական, կամ թուրքական խողովակը։

«Դա բնականաբար առաջացնում է շատ լուրջ աշխարհաքաղաքական հակասություններ և դժվարություններ։ Ինչպես մենք տեսանք ԵԽԽՎ   քվերակության ժամանակ, երեք երկրներ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը նույն  վերաբերմունքը ունեն ռազմագերիների հարցի վերաբերյալ։  Նույն ասելով՝ ես նկատի ունեմ այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են օգտագործել գերիների հարցը իրենց շահն առաջ տանելու համար, իսկ Ռուսաստանը փորձում է միակ  խաղացողը լինել, որը օգնելու է այս խնդրի լուծման համար։  Բայց Ռուսաստանի հնարավորությունները խիստ սահմանափակ են, և մեզ անհրաժեշտ է, որ Արևմուտքը նույնպես միջամտի այս հարցում»,- ասաց Նավասարդյանը՝ հավելելով, որ այս հարցում բավական բարդ և անհրաժեշտ պատասխանատվություն կա մեր արտաքին դիվանագիտության համար, որպեսզի մենք, անկախ բավականին ծանր իրավիճակից, երբ  տարածաշրջանը կիսված է տարածաշրջանային երկու գերտերությունների միջև, կարողանանք առաջ տանել այն սկզբունքները, որոնք կարևոր են միջազգային հանրության համար։ 

Դրանցից մեկն էլ պատերազմական իրավիճակում մարդու իրավունքների հետ կապված սկզբունքներն են, որոնք անմիջապես կապված են  մեր ռազմագերների խնդրի հետ․ «Ինչպես տեսնում ենք, և ԵԽԽՎ վեհաժողովը ցույց տվեց, մեր խորհրդարանական դիվանագիտությունը, ցավոք, բավարար վճռական չէ, բավարար պահանջկոտ չէ կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ։ Բայց կարծում եմ, որ այդ մոտեցումը պետք է կամաց-կամաց փոխել, լրջացնել  և դիմել մեր սուբյեկտությունը ենթադրող գործողությունների»,- ընդգծեց Նավասարդյանը։

Անդրադառնալով  գերիների հարցով Ռուսաստանի պատվիրակների քվեարկությանը՝ Նավասարդյանը նշեց, որ այդպիսով Ռուսաստանն ավելի շատ պատրաստ է փոխզիջումների գնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան թույլ տալ, որպեսզի Արևմուտքը՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն  իրենց ազդեցությունը ունենան  այս տարածաշրջանում տեղի ուենցող գործընթացների վրա։ 

«Հենց դրա համար եմ ասում, որ մեր՝ որպես անկախ պետության դիվանագիտությունը պետք է ուղղված լինի ոչ թե նրան, որ մենք ամեն կերպ կատարենք Ռուսաստանի  աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, այլ փորձենք խաղալ մեր ինքնուրույն խաղը և ապացուցնեք , որ մենք պահպանում ենք որպես անկախ պետություն մեր սուբյեկտությունը»,- եզրափակեց Բորիս Նավասարդյանը։

Արփի Հարությունյան