Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային աջակցությունը հնարավորություն է տալիս ռուսական այս անպարկեշտ առաջարկությունները բալանսավորել և գնդակը գցել ռուս-ադրբեջանական դաշտ․ Ռուբեն Մեհրաբյան․ Տեսանյութ

«Այն ինչ տեղի ունեցավ մայիսի 12-ից սկսած և շարունակում է տեղի ունենալ, խիստ մտահոգիչ է։ Ըստ էության տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ-ի դեմ՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը, խախտելով իրենց երկրի կողմից ստանձնած  պարտավորությունները, ընդ որում՝ այդ խախտումները կատարելով դեմոնստրատիվ և բավականին լպիրշ եղանակով՝ հիմնավորելով ինչ-որ քարտեզներով»,-«Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածություն» խորագրով  քննարկման ժամանակ ասաց «Հանուն Հանրապետության» կուսկացության ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նրա խոսքով՝ այս բռնի գործողությունը, որը կատարվեց, քաղաքականության շարունակությունն է, Ալիևն ուզում է, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի Հանրապետությունը՝ իր տարածքային ամբողջականության այն վերսիայով, որը ցանկանում է Բաքուն։  Այսինքն՝  Արցախը ճանաչի Ադրբեջանի կազմի մեջ, Ադրբեջանը նաև ցանկանում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք, որը ենթադրում է հաղորդակցության ուղի, որի վրա չի տարածվելու Հայաստանի սուվերեն վերահսկողություն։

«Բախվելով այս ամենին՝ ՀՀ-ն կատարեց քայլեր, ելնելով այն իրավապայմանագրային բազայից, որն ունի իր տնօրինության ներքո, դա Ռուսաստանի հետ երկկողմ պայմանագիրն է, դա ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունն է, փաստորեն այդ բոլոր դրույթները դրեց շարժման մեջ և այսօր արդեն ամսի 21-ն է, մենք որևէ գնահատական չենք լսել։ Չենք լսում, որովհետև մեր այսպես կոչված դաշնակիցները ցանկություն չունեն որևէ թթու խոսք ասելու Ադրբեջանին։ Ավելին այս ստեղծված իրավիճակը, մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցն օգտագործում է արդեն սեփական շահերն առաջ տանելու համար։ Խաղարկում է այսպես կոչված գամբիտ և Հայաստանն այստեղ այդ զոհաբերվող զինվորի դերում է»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 

Նա նշեց, որ Ռուսաստանը ստանում է ավելի ազդու լծակներ տարածաշրջանի նաև հաղորդակցության ուղիների վրա, ստանում է վերահսկողություն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վրա, ստանում է վերահսկողություն՝ Ադրբեջան-Թուրքիա երկաթուղային, գուցեև ապագայում ոչ միայն երկաթուղային բեռնափոխադրումների ամբողջ տրաֆիկի վրա։ 

«Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, որն ուզում է Ալիևը։ Նրանք առժամանակ այո՛, կհամաձայնվեն ռուսական վերահսկողության։ Սա իհարկե Ալիևին բավականին շահեկան  դիրք է ապահովում  և երկարաժամկետ հեռանկարում Ադրբեջանը բոլոր առումներով  և ռազմավարական առումով շահում է։ Այդ նույն գամբիտը խաղարկվեց 100 տարի առաջ։ Մենք նույնիսկ չենք էլ վճարվում, մենք զոհաբերվում ենք տարածքով, պետականությամբ, մենք տեսնում ենք՝ այս քայլերը հստակորեն միտված են հայկական պետականության  կազմալուծմանը և բովանդակազրկմանը, Հայաստանի դեսուվերենիզացմանը։ Ընդ որում, այդ  քաղաքականությունը նորություն չէ։ Դրա վկայությունն է սկսած 2010 թվականից, երբ մեր ռազմավարական դաշնակիցը  սկսեց հարձակողական զենքի զինամատակարարումներ՝ Ադրբեջանի ձեռքը կացին դնելով։ Եվ դա բացատրելով, որ դա  իրենց բիզնեսն է։ Մեր տեղական ռուսական շահերի պրոքսիները կրկնում էին նույն բանը»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ 
    
Այնուհետև նա նշեց, որ Ռուսաստանի դերը այստեղ տեղավորվում է այն ողջ պարադիգմի մեջ, որով առաջնորդվել է Ռուսաստանը այս ընթացքում և կարող ենք փաստել հետևյալը՝ որ ոչ մի երկիր այդքան ինտենսիվ և էֆֆեկտիվ ձևով չի թուլացրել Հայաստանի տարածաշրջանային դիրքերը, ինչպես Ռուսաստանը, ոչ մի երկիր այդ աստիճանի չի չեզոքացրել  Հայաստանի հնարավորությունները միջազգային հանրության հետ շփումներում այնպես, ինչպես Ռուսաստանը։  

Խոսելով այս իրավիճակից դուրս գալու Հայաստանի քայլերի մասին՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց․

«Հայաստանը այսօր մեծ հնարավորություններ ունի այս բացահայտ խաղի պայմաններում, երբ  տեսնում ենք, որ մեզ պարզապես ծաղրում են, էլ չեմ խոսում դաշնակից Բելառուսի պաշտպանության նախարարի այդ լպիրշ այցը Բաքու, և այդ լպիրշ հայտարարությունները Բաքվում․ դեմոնստրատիվ բնույթի, կարծում  եմ, որ այստեղ  հայկական կողմը պետք է դեմարշ անի դրա հետ կապված, բայց կասկածում եմ, որ կանի։ Միջազգային հանրության կողմից այս աջակցության հայտարարությունները, համենայնդեպս,  որը մենք լսում ենք, թե՛ Վաշինգտոնից, թե՛ Փարիզից, Աթենքից, Թեհրանից և Նյու Դեյլիից, հնարավորություն է տալիս հայկական կողմին՝ ռուսական այս անպարկեշտ առաջարկություններն ուղղակի բալանսավորել և գնդակը գցել ռուս-ադրբեջանական դաշտ և նաև հնարավորություն տալ՝ մեր ակտիվ  ընդառաջ քայլերով  մեր այն միջազգային գործընկերներին ում հետ մեր շահերն ուղղակի համընկնում են՝ ներգրավելու այս պրոցեսում»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։