Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե պետությունը արդարադատություն չի իրականացնում՝ չկա պետություն․ Ռուբեն Մեհրաբյան

Եթե պետությունը արդարադատություն չի իրականացնում՝ չկա պետություն․ Ռուբեն Մեհրաբյան
Քաղաքականություն
14:23, 09 март 2021
«Դատական բարեփոխման հետեւում պետք է լինի հստակ քաղաքական որոշում եւ հստակ քաղաքական կամք՝ այդ որոշումն իրականացնելու համար։ Հեղափոխությունը, որը տեղի ունեցավ Հայաստանում, դրան  էլ չի տրվել հստակ քաղաքական գնահատական», - այս մասին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում  «դատական իշխանությու՞ն թե՞ ռեւանշիստներ» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

 Քաղաքագետի խոսքով՝ հեղափոխություն անողները իրենց հեղափոխությանը գնահատական չեն տվել։ Ըստ նրա՝  միանշանակորեն հակակրիմինալ, հակակոռուպցիոն հեղափոխություն էր, որի արդյունքում կազմակերպված քրեական խմբավորումը, որը զավթել էր իշխանությունը՝ հեռացվեց իշխանությունից, սկզբից գործադիր, հետո օրենսդիր իշխանությունից։

 «Հիմա կանգնել ենք դատական իշխանության վրա, որը արդարարադատություն է իրականացնում։ Եթե պետությունը արդարադատություն չի իրականացնում՝ չկա պետություն։ Այս փոփոխությունների հիմքում պետք է լիներ նույն գաղափարը՝ դատական իշխանության մաքրում կրիմինալից եւ կոռուպցիայից»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բացատրություններին, թե ինչու՞ վեթինգ չի իրականացվել, Մեհրաբյանն ասաց․ «Եթե Ձեր իրավաբանները Ձեզ բացատրում են, թե ինչու չպետք է անել այն քայլերը, որոնք պետք են մեր պետությանը, ապա պետք է փոխել այդ իրավաբաններին։ Նրանք  իրավաբան չեն եւ նրանք հստակ պատվեր են կատարում կամ խելքները չի հասնում, թե ինչի համար են վարձատրվում»։