Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ ժողովուրդը թույլ չի տա Քոչարյան կոչվող փորձանքն ու արհավիրքը Հայաստանի համար կրկնվի․ 1in.am

Հայ ժողովուրդը թույլ չի տա Քոչարյան կոչվող փորձանքն ու արհավիրքը Հայաստանի համար կրկնվի․ 1in.am
Քաղաքականություն
18:22, 18 июнь 2021
«Պատիվ ունեմ» դաշինքը չի բացառում, որ ընտրություններից հետո կարող են «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիա կազմել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը` պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը։

«Ես վստահ եմ, որ այս իշխանություններին հեռացնելու համար մենք դիմելու ենք բոլոր տրամաբանված գործողությունների։ Ես իրական եմ համարում նաև «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծումը»,– ասել է Բաբայանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ նման հայտարարությունը զարմանալի չէ․«Պարզապես ուզում եմ հիշեցնեմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համարը գաղտնալսումից հետո իր առաջին հարցազրույցում  խոսել էր Քոչարյանի ունեցվածքի մասին, իսկ Քոչարյանն էլ դրան ի պատասխան այն ժամանակ հայտարարեց, որ Վանեցյանը մինչև ականջները թաղված է բիզնեսի մեջ։ Ինչ վերաբերում է դաշինք կազմելուն, ապա ակնհայտ է, որ Քոչարյանին աջակցում  են  ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, բացի դրանից այն մյուս փոքր կուսակցությունը, որտեղ կան Գորիսի, Կապանի, Քաջարանի  ու մի շարք այլ քաղաքապետեր։ Նրանք բոլորը Հանրապետականի անդամներ էին ու որևէ մեկը բացատրություն չի տվել, թե ինչպես նրանք դարձան այս նոր կուսակցության հիմնադիր անդամներ։ Ի դեմս այս Հանրապետականների, ՀՀԿ-ն հմուտ ձևով փորձում է Քոչարյանին բերել իշխանության։ Ուստի ակնհայտ էր, որ նման դաշինքը իրենց վերջնական նպատակն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ նրանց և շատ այլ կազմակերպությունների նպատակն է Քոչարյանին «փաթաթել հայ ժողովրդի վզին», ինչպես ժամանակին ասել էր Լևոն Տեր-Պետրոսյանը․«Սա է իրենց նպատակը, բայց ակնհայտ է, որ սա տապալված  ծրագիր է։ Դա իրենց ցանկությունն է, բայց ընտրարշավը ցույց է տալիս, որ որևէ հաջողության չեն հասնի։ Իրենց վերջին ճիգերը՝ բաժանել ընտրակաշառք, ակտիվացնել կրիմինալը՝ հաջողություն չեն ունենալու»։

Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ իշխանությունները շռնդալից հաղթանակ է տանելու․ «Մենք տեսնում ենք, որ հանրության լայն շերտեր մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այս քարոզարշավի նկատմամբ։ Իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հավաքվում են տարբեր դահլիճներում ու մշակված ծրագրերով հարցեր տալիս, մշակված պատասխաններ հնչեցնում։ Վերջերս  նկատեցինք, որ կրիմինալ աշխարհի ակտիվացումից հետո նրանք փորձում են նաև բացօթյա հանդիպումներ կազմակերպել, մարդկանց բերել այդ հանդիպումներ։ Սակայն մենք տեսնում ենք  անտարբեր մարդկանց, որոնք ստիպված եկել ու կանգնել են այնտեղ։ Քոչարյանի հանրահավաքը Ազատության հրապարակում դրա  ապացույցն էր, երբ մարդիկ խուսափում էին պատասխանել, թե ինչու են եկել հանրահավաքի, ոմանք էլ նշում էին, թե կոլեկտիվով են եկել։ Բայց համոզված եմ, որ հայ ժողովուրդը թույլ չի տա Քոչարյան կոչվող փորձանքն ու արհավիրքը Հայաստանի համար կրկնվի։ Այս պատերազմն էլ  Քոչարյանի վարած գործունեության արդյունքն է»,- եզրափակեց նա։