Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արա Զոհրաբյանի՝ կրկնաքվեարկության վարկածի վերաբերյալ հրապարակումը․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Արա Զոհրաբյանի՝ կրկնաքվեարկության վարկածի վերաբերյալ հրապարակումը․ Գոռ Աբրահամյան
Քաղաքականություն
18:52, 25 июнь 2021
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը արտահերթ ընտրություններին կրկնաքվեարկության վարկած է ենթադրում, նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ մատնահետքը հաստատող սարքը նաև առանց լուսանկարի կտրոն է տպել․ «ՀՀ ոստիկանությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրեր, նույնականացման քարտեր): Նախորդ տարվա մեկ կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթղթեր է տպագրվել»,-Ֆեյսբուքի իր էջում գրառել է Արա Զոհրաբյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ մոնիտորինգի արդյունքում ֆիքսել են արդեն Արա Զոհրաբյանի հրապարակումը և այս պահին ուսումնասիրվում է․ «Հետագա ընթացքի մասին՝ կասենք»,-եզրափակեց նա։ 

Նշենք, որ Արա Զոհրաբյանը առաջարկել է նաև կրկնաքվեարկությունները բացահայտելու համար ստուգել, թե ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է հատել (մեկնել) ՀՀ պետական սահմանը և երբ է վերադարձել:

Նշենք, որ ԿԸՀ-ն կրկնաքվեարկության փաստ չի հայտնաբերել։ 

Հիշեցնենք, որ փաստաբանների պալատի նախագահի կողմից հիմնադրված «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ևս մասնակցում էր ընտրություններին։ Նա նախքան ընտրությունները դիմել էր ԿԸՀ , այնուհետև դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն անվավեր ճանաչելու համար, սակայն դատարանը մերժել էր հայցը։