Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի նախագահը կարող է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում մրցակից համարվել, իշխող ուժը այդ պատճառով էլ նախաձեռնել է իմպիչմենտի գործընթացը․ վրացագետ

Վրաստանի նախագահը կարող է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում մրցակից համարվել, իշխող ուժը այդ պատճառով էլ նախաձեռնել է իմպիչմենտի գործընթացը․ վրացագետ
Քաղաքականություն
20:03, 01 сентябрь 2023
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է իմպիչմենտի գործընթաց սկսել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ։ Այս մասին հայտարարել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիզեն։ Civic.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն անդրադառնալով հարցին՝ ինչ հակասություններ կան Վրաստանի նախագահի ու կառավարության միջև, ընդգծեց, որ հակասությունները նոր չեն, և դրանք վերաբերում են արտաքին քաղաքականության հարցերին։ 
 
«Վրաստանի նախագահի պաշտոնն արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական է, հետևաբար նախագահը բոլոր քայլերը պետք է համաձայնեցնի կառավարության հետ և այն իշխող ուժի հետ, որի միջոցով Զուրաբաշվիլին ընտրվել է նախագահ, սակայն դա տեղի չի ունենում»,-ասաց Ջոնի Մելիքյանը։ 
 
Վրացագետի խոսքով՝ Վրաստանն այսօր արդեն անցնում է նախընտրական երկար փուլի մեկնարկին, քանի որ մեկ տարի անց Վրաստանում խորհրդարանական ընտրություններն են. «Զուգահեռ ԵՄ անդամակցության հարցն է դրված, ինչը կապված է Վրաստանում բարեփոխումների փաթեթի իրականացման հետ։ Եվ չնայած Վրաստանի նախագահն ըստ իր հայտարարությունների՝ մեկնում է ԵՄ երկրներ, որ աջակցի ԵՄ անդամակցության գործընթացին՝ իշխող թիմը համարում է դա որպես դեմարշ և նախագահի հերթական քայլը՝ այցը Գերմանիա, ընկալել է որպես թշնամական քայլ և հայտարարել, որ իմպիչմենտի գործըթնաց է սկսում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու դեմ», - ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի նախագահի կողմից Գերմանիա կատարած այցից հետո հայտարարել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է արտահայտվում երկրի եվրաինտեգրման շահերին. «Կարևոր չէ՝ նա եվրաինտեգրման դեմ հայտարարություններ կանի Վրաստանի խորհրդարանում, թե արտասահմանյան այցի ժամանակ։ Մեր միջազգային գործընկերներն ամեն դեպքում կստանան այդ տեղեկատվությունը»,- ասել է նա՝ չնայած նրան, որ Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին մի շարք հանդիպումներ կանցկացնի եվրոպացի առաջնորդների հետ, որպեսզի նրանք աջակցեն Վրաստանին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցում:

Վրացագետի խոսքով՝ իշխող կուսակցության ձայները բավարար չեն նախագահի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու հարցում, քանի որ անհրաժեշտ է 100 ձայն, մինչդեռ «Վրացական երազանք»-ն ունի 84 մանդատ, այսինքն՝ գոնե ընդդիմադիրներից տասնվեց ձայն պետք է ստանա իշխանությունը։

  Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ՝ Վրաստանի նախագահը կարող է հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններում մրցակից համարվել, հետևաբար իշխող ուժը այդ պատճառով էլ նախաձեռնել է իմպիչմենտի գործընթացը։ Այնուամենայնիվ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Սալոմե Զուրաբիշվիլին նույնիսկ պաշտոնից հեռացվելուց հետո հնարավոր է մնա քաղաքականության մեջ՝ ձևավորելով քաղաքական թիմ. «Մինչդեռ այսօրվա գործընթացներին նայելով, մենք տեսնում ենք, որ իշխող թիմը կպահպանի իր դիրքերը հաջորդ տարվա ընտրություններում»,-շեշտեց վրացագետը։ 
 
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն օրերս հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի մինչև 2030 թ. նոր անդամներ ընդունել իր կազմում, սակայն վրացագետը կարծում է, որ մինչև 2030թ որևէ նկատելի փոփոխություն չի սպասվում։ «Եթե Վրաստանը կարողանա լուրջ արդյունքների հասնել և մինչև 2030թ. դառնա ԵՄ անդամ երկիր՝ ապա մեր տարածաշրջանում իրավիճակ կփոխվի: Իհարկե, որոշ հարցերում բարդություններ կառաջանան՝ կապված սահմանը հատելու կամ տնտեսական հարաբերություններում, բայց մյուս կողմից էլ հարևանների մոտ հետաքրքրություն կառաջանա այդ ուղղությամբ շարժվելու», -ասաց վրացագետն ու համոզմունք հայտնեց, որ Վրաստանի կառավարությունն այդ գործընթացը դանդաղ թե արագ քայլերով առաջ է տանելու։

Նարա Մարտիրսյան