Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սկանդալ Կիևի և Թբիլիսիի միջև՝ Սաակաշվիլիի վիճակի պատճառով

Սկանդալ Կիևի և Թբիլիսիի միջև՝ Սաակաշվիլիի վիճակի պատճառով
Աշխարհ
12:45, 04 июль 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ Կիևից Վրաստանի դեսպանին հետ կանչելու մասին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի պատճառով, վիրավորական է Վրաստանի իշխանությունների համար, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով, որ մեջբերել են վրացական լրատվամիջոցները, ինքը չի ցանկանում «հեռուն գնալ՝ մեկնաբանելով այս թեման»՝ այն պարզ պատճառով, որ խոսքը մի երկրի նախագահի մասին է, որտեղ ներկայումս պատերազմ է ընթանում։ «Բայց, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի իշխանությունների այս դիրքորոշումը վիրավորական է մեզ համար»,- ասել է Կոբախիձեն։ 

Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանի ցանկությունն է «պահպանել Ուկրաինայի հետ հարաբերությունների նույնիսկ միակողմանի բարեկամական ռեժիմը»։

Երեկ՝ հուլիսի 3-ին, Միխեիլ Սաակաշվիլին երկար ընդմիջումից հետո հեռավար մասնակցություն է ունեցել Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ 2007 թվականին ցույցը ցրելու գործով։ Նա ցույց է տվել իր նիհարած մարմինն ու դիմել Վրաստանի իշխանություններին՝ նրանց կոչ անելով ներողություն խնդրել, որ իրեն այդպիսի վիճակի են հասցրել։ Սաակաշվիլին իր ձերբակալության մեջ մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին. «Նրանք, ովքեր դավաճանել են Վրաստանին և Ուկրաինային, պետք է պատժվեն ամենախիստ պատժամիջոցներով»։ 

Հուլիսի 3-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է ԱԳՆ-ին հետ կանչել Վրաստանի դեսպանին, վճռական բողոք հայտնել Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի պատճառով և առաջարկել 48 ժամվա ընթացքում լքել Ուկրաինան՝ Թբիլիսիի հետ խորհրդակցելու համար։ Նա հայտարարել է, որ իշխանությունները «բազմիցս կոչ են արել պաշտոնական Թբիլիսիին դադարեցնել այդ ծաղրը և պայմանավորվել Ուկրաինա Սաակաշվիլիի վերադարձի շուրջ»: