Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը, նրանք կտեղափոխվեն Հայաստան. նախապատրաստվել է ավելի քան 40.000 տեղ. Վարչապետ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Կառավարության հերթական նիստում մինչ օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց ՀՀ դիրքորոշումը՝ կապված ԼՂ մեր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխման հնարավորության հետ. «Մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ եթե այս իրավիճակը շարունակվի. այո, մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինություը առկա է: Սակայն դեռևս սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որ կառավարության իր գործընկերների հետ քննարկի, թե դեպի ՀՀ մարդկանց հնարավոր հոսքի դեպքում ինչպես ենք աջակցելու մեր հայրենակիցներին»:

Ինչպես նշեց վարչապետը, ավելի քան 40.000 տեղ նախապատրաստվել է. խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի և այլնի. «Այսինքն՝ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել: Ըստ էության սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ»: