Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ձևավորվելու է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ. վարչապետ

«Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը օր օրի սրվում է: ԼՂ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում: Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում: Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված իրավիճակում»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշեց վարչապետը, այս ամենը հաշվի առնելով և ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: «Խնդիրը ԼՂ իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Վերջինիս խոսքով՝ աշխատանքային խմբում ընդգրկվելու են նաև առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ՏԿԵ նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ: