Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. վարչապետ

Պետք է աշխատել ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ ՄԽ փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ. վարչապետ
Հայաստան
11:36, 22 декабрь 2022
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Կառավարության նախորդ նիստում հայտարարած հավաքական ջանքերի կարևորությունը՝ Լաչինի միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինի շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար: «Մենք տեսնում ենք, որ ԼՂ-ի շուրջ ստեղծված հումանիտար ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել»,- ասաց նա և հավելեց նախորդ օրվա կարևորագույն քննարկումը ՄԱԿ-ի ԱԽ-ում. «Տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել ստեղծված իրավիճակին»:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց հստակ գնահատական հնչեցրած բոլոր երկրներին և միջազգային կազմակերպություններին:

«Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի և Սփյուռքի այն կազմակերպություններին և անհատներին, մասնագիտական խմբերին, որոնք ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի միջազգային տեսանելիության աճի համար: Մեր միասնական ջանքերն այս ուղղությամբ պետք է ավելի մեծացնենք: ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է էականորեն մեծանա: Ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: