Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղին կցուցաբերվի 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն. Նիկոլ Փաշինյան

«Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով ԼՂ-ում հումանիտար իրավիճակը օր օրի սրվում է: ԼՂ հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում: Առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում: Հանրությունը գտնվում է սոցիալ-հոգեբանական լարված իրավիճակում»,- այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես նշեց վարչապետը, այս ամենը հաշվի առնելով և ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այսօր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը:

«ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է»,- հավելեց վարչապետը և նշեց, որ հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես ամենօրյա աշխատանքի մասը պետք է դառնա: