Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանիպուլյացիա ու կեղծիք՝ ամեն րոպեում․ ռուսական առաջին ալիքի հաղորդումը՝ Փաշինյանի մասին. fip.am

Մանիպուլյացիա ու կեղծիք՝ ամեն րոպեում․ ռուսական առաջին ալիքի հաղորդումը՝ Փաշինյանի մասին. fip.am
Հայաստան
15:44, 24 октябрь 2023
Ռուսական «Առաջին ալիքի» «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հոկտեմբերի 23-ի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իր քաղաքական գործունեությանն անդրադարձող թողարկմանը տասնյակ կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ են արվել։ «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է դրանք։ 

«Փաշինյանը ԼՂ-ն գլխացավանք է համարել, որից ուզում էր ազատվել լավ ապրելու համար»

Թողարկման սկզբում պնդում է արվում, թե Փաշինյանը 2007 թվականին իբր ասել է, որ «Արցախը գլխացավանք է», և որ «այն հանձնելով՝ Հայաստանը ճանապարհ կստանա դեպի Ադրբեջան, Թուրքիա ու Իրան», «կարևորը լավ ապրելն է, և ոչ թե անհասկանալի ազգայնական հավակնություններ ունենալը»։ 

Ռուսական «Առաջին ալիքը», սակայն, կեղծում է․ Փաշինյանը երբևէ նման հրապարակային հայտարարություն չի արել։ 

Ինչպես է Փաշինյանը վիրավորել ձեռքը

 
Ռուսական «Առաջին ալիքը», 2018 թվականի Թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի ձեռքի վիրակապը ներկայացնելով որպես տեխնոլոգիա, կասկած է հայտնել, որ նա առհասարակ վիրավորվել է։ 

Մինչդեռ, Փաշինյանը ձեռք վնասել է 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիական անհնազանդության գործողությունների ընթացքում ոստիկանական փշալարը հեռացնելու փորձերի ժամանակ։ 

Սյունիքում ադրբեջանական գյուղե՞ր

Թողարկման փորձագետներից Ալեքսանդր Արատամոնովը պնդում է, որ Սյունիքում «ադրբեջանական վեց գյուղ կա», որոնք պահանջում է Բաքուն։ 

Մինչդեռ Բաքվից՝ քարոզչական շրջանակներից դուրս, պաշտոնապես Սյունիքում վեց բնակավայրի վերաբերյալ հայտարարություններ չեն արվել։ Բաքուն Հայաստանից պաշտոնապես պահանջել է Տավուշի մարզում գտնվող, այսպես կոչված, անկլավները։

Աղավաղելով անգամ Պուտինի ելույթը 

Թողարկման բանախոսներից Օլեգ Բառաբանովն անդրադարձել է «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԼՂ բանակցային գործընթացի մասին հայտարարություններին ու աղավաղել է դրանք։ Ըստ նրա՝ Պուտինն ասել է, որ հենց Փաշինյանն է մերժել հանձնել 7 շրջանն ու ասել, որ կկռվեն Ղարաբաղի համար։ 

Իրականում, Պուտինը խոսում էր Հայաստանի՝ տասնամյակներ շարունակ ունեցած դիրքորոշման մասին՝ նկատի ունենալով, այդ թվում, Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։ 

Ի դեպ, FIP.am-ն ավելի վաղ գրել էր, որ Պուտինի այս պնդումը ևս կեղծ է․ գոնե ՀՀ նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնվել են 5+2 ձևաչափով հանձնել շրջանները՝ նույնիսկ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման․ լուծումները մերժող կողմը մշտապես Ադրբեջանն է եղել։ 

Հորինվածք՝ 44-օրյա պատերազմը կանգնեցնելու պայմանների մասին

Բառաբանովը պնդել է նաև, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկզբնական շրջանում պայմանավորվածություն է ձեռք բերվել կանգնեցնել զորքերն իրենց զբաղեցրած դիրքերում, ինչին, իբր, կողմ է եղել Ադրբեջանը, սակայն հրաժարվել է Փաշինյանը։ 

Սա ամբողջությամբ հորինվածք է․ ռուսական միջնորդությամբ 2020 թվականի հոկտեմբերին ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունը խախտել է հենց Ադրբեջանը՝ շարունակելով առաջխաղացումն Արցախում։

Երբ են եկել «ՆԱՏՕ զորքեր»

Թողարկման վարողը պնդում է, թե 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից առաջ Փաշինյանը ՆԱՏՕ-ի զորքեր է բերել Հայաստան, ՀԱՊԿ-ի զորախմբի փոխարեն։  

Իրականում, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորքեր չկան, իսկ ԵՄ դիտորդական առաքելությունը, որին վարողը համարում է ՆԱՏՕ-ի զորախումբ, ՀՀ է եկել սեպտեմբերյան ագրեսիայից հետո՝ հոկտեմբերին՝ ՀԱՊԿ-ից օգնության բացակայության պայմաններում։ 

Երբ են եղել ՀՀ-ԱՄՆ զորավարժությունները 


Թողարկման բանախոսներից Անդրեյ Արեշևը աղավաղում է 2023-ի սեպտեմբերին մի շարք իրադարձությունների ժամանակագրությունը՝ պնդելով, որ, օրինակ, հայ-ամերիկյան զորավարժությունները եղել են սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական հարձակմանը զուգահեռ, երբ Երևանում ընթանում էին նաև հակակառավարական ցույցեր․ բանախոսը պնդել է, որ այդպիսով ԱՄՆ-ն իր աջակցությունն է ցույց տվել Փաշինյանին։ 

Հայ-ամերիկյան զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին՝ ադրբեջանական ագրեսիայից ավելի քան մեկ շաբաթ առաջ, և ավարտվել է սեպտեմբերի 20-ին։ Մինչդեռ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը շարունակվել են սեպտեմբերի 20-ից հետո էլ՝ մոտավորապես մեկ շաբաթ։ Հետևաբար, բանախոսը մանիպուլացնում է։ 

Այսպիսով, ռուսական «Առաջին ալիքի» եթերում փորձագետ ներկայացող բանախոսները հանդես են եկել մանիպուլյատիվ, կեղծ և հորինված պնդումներով՝ աղավաղելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների բնույթն ու պատճառները, թիրախավորելով, մասնավորապես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և թյուր կարծիքներ ձևավորելով լսարանի մոտ՝ Հայաստանի, Ղարաբաղյան հակամարտության և տարածաշրջանային հարցերի շուրջ: