Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիում պատմամշակութային հուշարձան-շենքը կառուցապատվում է ԿԳՄՍՆ հավանությանն արժանացած նախագծով, սակայն՝ առանց շինթույլտվության. քաղաքապետարանի և Ոստիկանության անգործությունը

Գյումրիում պատմամշակութային հուշարձան-շենքը կառուցապատվում է ԿԳՄՍՆ հավանությանն արժանացած նախագծով, սակայն՝ առանց շինթույլտվության. քաղաքապետարանի և Ոստիկանության անգործությունը
Հայաստան
16:09, 04 август 2021
Գյումրու Ռուսթավելի փողոցում՝ «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածքում գտնվող պատմամշակութային շենքերից մեկում, որտեղ նկարահանվել են հայտնի «Եռանկյունի» ֆիլմի որոշ դրվագներ, կատարվում են շինարարական աշխատանքներ։ Շենքի կողքին գտնվող, 1800-ականներին կառուցված մյուս շենքը ձևափոխվում է ամբողջությամբ։ 

Գյումրու քաղաքապետարանից Civic.am-ին տեղեկացրին, որ շինարարությունը՝ առանց համապատասխան թույլտվության, կատարում է Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն։ 

«Բոլոր գործառույթները, որ իրավասու է քաղաքապետարանը իրականացնել իր նկատմամբ, իրականացրել է»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը։ Քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է ապօրինի շինարարություն իրականացնողին։ Առաջին անգամ Մոնտալտոն տուգանվել 200 հազար, իսկ երկրորդ անգամ՝ 2,5 մլն դրամի չափով, ապա քաղաքապետարանը դիմել է Ոստիկանություն՝ շինարարությունը կասեցնելու համար։ 

«Ըստ մեր բոլոր գրությունների՝ շինարարությունը կասեցված է, բայց այդ մարդը ապօրինի կերպով շարունակում է շինարարությունը։ Շինարարությունը կասեցված է, գրություններ ենք ուղարկել Ոստիկանություն, բայց Ոստիկանությունը հետամուտ չի լինում, որ շինարարական որևէ աշխատանք չիրականանա»,- ասաց Սոնա Առաքելյանը։

Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ Ոստիկանության Կումայրիի բաժինը ստացել է Գյումրիի համայնքապետարանի գրությունը, որի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է նախաքննական մարմնին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Civic.am-ին տեղեկացրեց, որ մայիսի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ շինարարությունը կասեցնելու որոշումը պետք է կայացնի Գյումրիի քաղաքապետարանը։

Ստացվում է, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել կասեցնել շինարարությունը, երկու անգամ տուգանել է կառուցապատողին, քանի որ շինարարությունը կատարվում է առանց շինթույլտվության, սակայն Ոստիկանությունը միայն նյութեր է նախապատրաստում, իսկ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցում։ Մինչ գործը գտնվում է նախաքննական փուլում, ենթադրյալ հանցագործությունը այդ պահին շարունակվում է, և Ոստիկանությունը որևէ քայլ չի ձեռնարկում այն թույլ չտալու, կասեցնելու համար։

Կառուցապատողի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դիմել են ԿԳՄՍ նախարարություն, ներկայացրել են էսքիզային տարբերակ, որը նախարարության կողմից սույն թվականի մայիսի 14-ին դրական եզրակացություն է ստացել։ Դրանից հետո, ըստ կառուցապատողի, եզրակացությունն ուղարկվել է Շիրակի մարզպետարան, որից հետո մարզպետարանը պետք է մեկամսյա ժամկետում, իր համաձայնությունը տալու դեպքում, ուղարկեր քաղաքապետարան, սակայն 2 ամիս անց մարզպետարանից նշում են, որ իրենք կապ չունեն, և իրավասությունը քաղաքապետարանի տիրույթում է։ Նույնատիպ անորոշ պատասխան կառուցապատողը ստացել է նաև քաղաքապետարանից։ 
Կառուցապատողը, ունենալով նախարարության՝ նախագծի շուրջ դրական եզրակացությունը, սակայն չունենալով շինթույլտվություն քաղաքապետարանի կողմից, սկսել է շինարարական աշխատանքներ, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ։ Քաղաքապետարանը այլևս ցանկության դեպքում էլ չի կարող տալ շինթույլտվություն։ Քրեական գործի փակվելու դեպքում կառուցապատողին կարող է տրվել կատարողական ակտ։

Ստացվում է, որ կառուցապատողի ներկայացրած նախագիծը ԿԳՄՍ նախարարության կողմից մայիսի 14-ին ստանում է դրական եզրակացություն, սակայն կառուցապատողը շինաշխատանքները սկսել է ավելի վաղ։ Քաղաքապետարանը կառուցապատողին չի տրամադրել շինթույլտվություն, և ըստ կառուցապատողի ներկայացուցչի, ցանկության դեպքում էլ քաղաքապետարանը դա այլևս չի կարող անել, քանի որ հարուցված է քրեական գործ։ Թե ինչու՞ քաղաքապետարանը և Շիրակի մարզպետարանը ժամանակին չեն տրամադրել շինթույլտվություն, իսկ կառուցապատողը չի սպասել դրանք ստանալուն՝ անհայտ է։

Վովա Հակոբյան