Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի. կոնֆլիկտի առկայությունը Կրեմլի կողմից կօգտագործվի ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրվելու ուղին վիժեցնելու համար

Երևանը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի. կոնֆլիկտի առկայությունը Կրեմլի կողմից կօգտագործվի ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրվելու ուղին վիժեցնելու համար
Հայաստան
20:00, 24 март 2024
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները: Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։
 
- Պարոն Վարդանյան, ըստ Ձեզ՝ հանդիպումը ի՞նչ հեռանկարներ կարող է բացել Հայաստանի համար, ու ի՞նչ իրադարձություններ կարող են հաջորդել հանդիպմանը։

- Այդ հանդիպումը տեղավորվում է վերջին շրջանում տեղի ունեցող ՀՀ արտաքին քաղաքական որոշակի գործընթացների ու դիրքորոշումների տրամաբանության շրջանակներում, ու այդ առումով կարող ենք ասել, որ աննախադեպ հանդիպում է։ Հավանաբար համագործակցության նոր ձևաչափեր կստեղծվեն Հայաստանի ու Արևմուտքի միջև, ու դա կվերաբերի ոչ միայն ժողովրդավարությանն ու տնտեսությանը, այլև անվտանգությանը։ 

- Իսկ ի՞նչ ռիսկեր կարող են առաջանալ սրանով։ Հատկապես, երբ ՌԴ ԱԳՆ-ից պարբերաբար անդրադառնում են ՀՀ-ի ինքնիշխանության վտանգին, պատերազմի վտանգին։

- Դժվար թե առանձին վերցրած այդ հանդիպումը կավելացնի անվտանգային ռիսկերը։ Անվտանգաիյն ռիսկերը առանց այդ հանդիպման էլ առկա են, ու ՀՀ-Արևմուտք հարաբերությունների խորացումը կոչված է չեզոքացնելու անվտանգային ռիսկերը։ Կան լրջագույն անվտանգային մարտահրավերներ, ու ՀՀ-ն խորացնում է  իր հարաբերությունները Արևմուտքի հետ, որպեսզի չեզոքացնի այդ ռիսկերը: ՀՀ-Արևմուտք հարաբերությունների խորացումը այլընտրանք չունի։ Ռուսաստանը նաև կարող է Ադրբեջանին այնպիսի քայլերի դրդել, որը կհանգեցնի էսկալացիայի։ Այնպես չի, որ ՌԴ-ն այնպիսի իրավիճակում է  գտնվում, որ կարող է ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա և դրդել անել մի բան, որը նա չի ուզում, բայց ՌԴ-ն կարող է ինչ-որ բաներ առաջարկել Ադրբեջանին, որը ձեռնտու լինի Ադրբեջանին ու Բաքուն դիմի էսկալացիայի։ Կրեմլը նաև փորձելու է ակտիվացնել պրոկրեմլյան հայացքներ ունեցող քաղաքական ուժերին ու դեստաբիլիզացնել իրավիճակը ՀՀ-ում, ներքին որոշակի լարումներ առաջացնել ու սրանով հույս ունենալ, որ այս ամենով կզսպի Հայաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։

Ռուսաստանից ՀՀ-ի տնտեսական կախվածությունը ևս լուրջ խնդիր է, և ՀՀ-ն պետք է կարողանա հասնել իրական դիվերսիֆիկացիայի տնտեսության ոլորտում։ 

- Պարոն Վարդանյան, Դուք նշում եք՝ տնտեսական և անվտանգային խնդիրների լուծման համար պետք է Արևմուտքի հետ խորացնել հարաբերությունները։ Իսկ դրա համար Արևմուտքը ցանկանո՞ւմ է, որ դուրս գանք ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից։

- Վերջին շրջանում մենք, ֆորմալ առումով լնելով ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում,  կարողացել ենք անվտանգային ու տնտեսական ոլորտներում լուրջ քայլեր ձեռնարկել դիվերսիֆիկացիայի համար։ Արևմտյան գործընկերները նաև չեն խոսել այն մասին, որ անհնար է, որ ՀՀ-ն իրականացնի իրական դիվերսիֆիկացիա առանց այդ կառույցներից դուրս գալու, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ անհնար է ԵՄանդամ դառնալ՝ մնալով ԵԱՏՄ-ում։

- Իսկ թեկնածու անդամի դեպքո՞ւմ։

- Նայած  թե ինչ պահանջներ են  դրվում թեկնածու անդամի առջև, բայց մենք չենք կարողանալու ԵԱՏՄ անդամ լինել և ազատ առևտրի համաձայնագիր ունենալ ԵՄ-ի հետ։  

- Իսկ ՀԱՊԿ-ի դեպքո՞ւմ։

- ՀԱՊԿ-ի դեպքում փաստացի սառեցված են մեր հարաբերությունները, ու դա բարենպաստ պայմաններ է ստեղծում Արևմուտքի հետ ռազմաքաղաքական հարաբերություններ ունենալու համար։ Մենք տեսնում ենք, որ առայժմ ՀԱՊԿ-ում ֆորմալ անդամություն ունենալը խնդիրներ չի ստեղծել։ Բայց ակնհայտ է, որ եթե մենք ցանկանում ենք, այսպես ասած, ռազմական դաշնակից լինել որևէ եվրոպական պետության կամ պետությունների հետ, ապա պետք է ՀԱՊԿ-ից դուրս գանք, ու այդտեղ բավարար չէ ՀԱՊԿ-ում մեր մասնակցության սառեցումը։ Հիմա մենք կարողանում ենք գործընկերային հարաբերություն հաստատել ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ, բայց մենք դեռ չենք կարող համարվել ռազմաքաղաքական դաշնակիցը ՆԱՏՕ-ի անդամ պետության։ Կարող ենք համարվել, եթե դուրս գանք ՀԱՊԿ-ից։

- Պարոն Վարդանյան, իսկ ի՞նչ հավելյալ քայլեր պետք է անի նաև ԵՄ-ն, որպեսզի Հայաստանը առավել սերտ հարաբերություններ կարողանա հաստատել Արևմուտքի հետ։

Նախ ասեմ, որ ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի, որ հնարավորինս փորձի նորմալիզացնել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները, որպեսզի հանկարծ կոնֆլիկտը նորից չբռնկվի, ու ռազմական գործողություններ չլինեն։ Այն, ինչ կախված է ՀՀ-ից, ՀՀ-ն պետք է անի, որովհետև կոնֆլիկտի առկայությունը ու հնարավոր թեժացումները օգտագործվելու են Կրեմլի կողմից ՀՀ-ն ավելի խոցելի դարձնելու ու ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրվելու ուղին վիժեցնելու համար։ Հայաստանը նաև պետք  է ավելի հստակ խոսի այն մասին, թե ինչպիսի ապագա է   տեսնում իր համար, Արևմուտքը սպասելու է նաև Հայաստանի քայլերին այդ ուղղությամբ։ ՀՀ-ն ցանկանո՞ւմ է անդամակցել ԵՄ-ին, ՀՀ-ն ցանկանո՞ւմ է  անդամակցել ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ բլոկային պետություն է ցանկանում դառնալ։  
ԵՄ-ն իր հերթին պետք է որոշակի առանձնահատուկ ձևաչափեր մշակի Հայաստանի հետ հարաբերությունների համար, որովհետև մենք ունենք առանձնահատուկ, ոչ ստանդարտ իրավիճակ։ Հայաստանին հարկավոր են այնպիսի ձևաչափեր, որոնք կարողանան լուծել հենց այսօրվա խնդիրները՝ կապված տնտեսության և անվտանգության հետ։

Պետք է ինչ-որ արագացված ռեժիմներ հաստատվեն ՀՀ-ի տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված, ու եվրոպական շուկաները ավելի արագ բացվեն ՀՀ-ի համար։ ԵՄ-ի կողմից ներդրումներ լինեն Հայաստանում, իսկ ՀՀ-ից արտահանման ենթակա ապրանքների որակները բարելավելու համար լուրջ ու արագ գործողություններ ու ներդրումներ իրականացվեն, որպեսզի մեր ստանդարտները համապատասխանեն եվրոպական ստանդարտներին։ Մենք հիմա խոսում ենք ԵՄ-ի հետ կապված, բայց չմոռանանք, որ ապրիլին սպասվող այդ հանդիպմանը մասնակցում է  նաև ԱՄՆ-ն, և ուրեմն խոսքը այստեղ ոչ միայն ԵՄ-ի ու ԵՄ շուկայի մասին է, այլև ԱՄՆ-ի ու ամերիկյան շուկայի մասին։ Ըստ էության նոր ձևաչափ է ստեղծվում, որոնք ենթադրելու են նոր մոտեցումներ Հայաստանի հետ հարաբերություններում, ու մենք ԱՄՆ-ից ու ԵՄ-ից կարող ենք ակնկալել ոչ ստանդարտ առաջարկներ։

Հայաստանի քայլերի հետ կապված պետք է նաև նշեմ, որ ՀՀ-ն պետք է ցույց տա, որ պատրաստ է կարճ ժամանակահատվածում լուրջ քայլեր ձեռնարկել ու կատարել՝ ուղղված ժողովրդավարությանը։ Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ դեմոկրատական ինստիտուտների կայացման հետ կապված՝ դատական իշխանություն, իրավապահ ոլորտ և այլն։ 
 
Դավիթ Լևոնյան