Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեկ Սյունիքում մահացած 43-ամյա զինծառայողը եռամսյա հավաքի մասնակից էր, նույն դեպքով կա նաև վիրավոր

Երեկ Սյունիքում մահացած 43-ամյա զինծառայողը եռամսյա հավաքի մասնակից էր, նույն դեպքով կա նաև վիրավոր
Հայաստան
13:37, 14 сентябрь 2021
Երեկ Սյունիքում դեռևս չպարզված հանգամանքներում մահացած պահեստազորային, 43-ամյա Մկրտիչ Հովակիմյանը եռամսյա հավաքների մասնակից էր։ Տեղեկությունը Civic.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՊՆ-ից։ 

Ըստ այդմ՝ նույն դեպքով նաև վիրավոր կա՝ պահեստազորային Լևոն Արմենի Սուքիասյանը, որը ևս եռամսյա հավաքի մասնակից է։ Ըստ ՊՆ-ի՝ Լևոն Սուքիասյանը հրազենային վիրավորում է ստացել ձեռքից և ոտքից, նրա կյանքին վտանգ չի սպառնում։   

Ըստ ՊՆ հաղորդագրության՝ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում տեղի է ունեցել ողբերգական միջադեպ: 

Նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Հարցին, թե դեպքը միջանձնային հարաբերությունների հե՞տ է կապված եղել, թե՞ ոչ, ՊՆ-ից հրաժարվեցին պատասխանել՝ հավելելով, որ քննություն է գնում և դրա արդյունքում կպարզվի իրականությունը։