Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև տարվա վերջ կստորագրվի ԵԱՏՄ «կանաչ միջանցք»-ի մասին համաձայնագիրը, որի շնորհիվ հայկական բեռները Վրաստանի տարածքով անարգել մուտք կգործեն ԵԱՏՄ տարածք․ Տեսանյութ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր տեղի ունեցավ հանդիպում Հայաստան ժամանած ԵԱՏՄ պաշտոնյաների և Հայաստանի բիզնեսի ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ԵԱՏՄ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների ներկայացուցիչներ և բիզնես համայնքի ներկայացուցիչներ: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին բիզնեսի կողմից ներկայացված հարցադրումները։ ՀՀ արդյունաբերական պալատի ներկայացուցիչ Կարեն Իվանովը հանդիպման ընթացքում նշեց, որ իր մոտ դեժավյու է՝ ամեն տարի հանդիպում են ԵԱՏՄ ներկայացուցիչների հետ, քննարկում տարբեր խնդիրներ, բարձրաձայնում հարցեր, սակայն լուծումներ, որպես այդպիսին չեն տրվում։ Կարեն Իվանովն առաջարկեց արագ արձագանքման աշխատանքային խումբ ստեղծել, գուցե կարիք լինի փոխանակվել կոնտակտային տվյալներով, որպեսզի հարցերին հնարավոր լինի արագ արձագանքել։

Հանդիպումից հետո Civic.am-ի հետ զրույցում Իվանովն ասաց, որ ամեն տարի նույն խնդիրներն են բարձրացնում, և սայլը տեղից չի շարժվում, սակայն հույս ունեն, որ նոր նախարարի նշանակումից հետո գործընթացներն ավելի արագ կընթանան։

Իվանովը նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներից ամենաշատ խնդիրներն ունի Հայաստանը, քանի որ չունի ընդհանուր սահման անդամ մյուս երկրների հետ։ ԵԱՏՄ ղեկավարությունը, ըստ Իվանովի, գիտի խնդիրների մասին, բայց քանի որ ԵԱՏՄ երկրները տարբեր շահեր ու խնդիրներ ունեն, հարցերը դանդաղ են լուծվում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ևս նշեց, որ հիմնական խնդիրը անդամ մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունենալն է։ «Խնդիրը հնարավոր է կարգավորել «կանաչ միջանցքներ» ստեղծելու միջոցով, որը հնարավորություն է տալիս նաև թվային, նավիգացիոն պլոմբաները։ Բոլոր անդամ երկրները դժվարին բանակցություններից հետո տվել են նախնական համաձայնությունը, և հուսով ենք մինչև տարվա վերջ կստորագրվի։ Ուժի մեջ մտնելուց հետո այն թույլ կտա կիրառել նավիգացիոն պլոմբաները, որը անարգել կապահովվի «կանաչ երթուղիով»»,- ասաց նախարարի տեղակալը։

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ տարեցտարի նկատվում են էական տարբերություններ։ Ըստ Մակարյանի՝ պատասխանատուները ծանոթանում են խնդիրներին և փորձում լուծել դրանք, ուղղակի պետությունների միջև կան նաև տնտեսական տարբեր շահեր։ 

Կարևոր խնդիրներից է, Գագիկ Մակարյանի խոսքով, այն, որ ԵԱՏՄ երկրները սահմանային անցակետերում ունենան արտոնություն։ Խնդիրը կարծես լուծման փուլում է։

Վովա Հակոբյան 

Մանրամասն՝ տեսանյութում