Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քարվաճառում գտնվող Դութխու հանքավայրում ադրբեջանական ընկերությունն ուսումնասիրություններ է իրականացնում

Քարվաճառում գտնվող Դութխու հանքավայրում ադրբեջանական ընկերությունն ուսումնասիրություններ է իրականացնում
Հայաստան
13:29, 20 октябрь 2021
«ԱզերԳոլդ» ՓԲԸ-ն հետազոտական աշխատանքներ է սկսել Քարվաճառի շրջանում գտնվող Դութխու հանքավայրում։ Այս մասին հայտնել է ընկերության խոսնակ Արիզ Թարվերդիևը, գրում է report.az-ը։

Կայքը գրում է, որ Դութխուի հանքավայրը գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում ՝ Դութխու գետի ավազանում, Թարթառի աջ կողմում։

«Ենթադրվում է, որ այնտեղ կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ: Հանքը բացվել է 1958 թվականին», - ասել է «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի խոսնակը։ 

Նա նշել է, որ համաձայն ընկերության կողմից իրականացվող հետազոտական ծրագրերի, սկզբնական փուլում գնահատում և հեռակա ուսումնասիրություն է կատարվում․ «Արբանյակային մեթոդով՝ հիպերսպեկտրալ պատկերներին զուգահեռ, նախնական գնահատման աշխատանքներ են տարվում ՝ արխիվային երկրաբանական նյութեր հավաքելու, համակարգելու և թվայնացնելու։ Հաջորդ տարվա ապրիլից նախատեսվում է իրականացնել լայնածավալ հետազոտական աշխատանքներ»:

Նշենք, որ AzerGold-ը ստեղծվել է 2016 թվականին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով:

Սյուզի Սիրականյան