Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ին փոխարինելու համար ուզում ենք կառուցել նոր ՔԿՀ. Կարեն Անդրեասյանը՝ Սերգեյ Բագրատյանին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ին փոխարինելու համար ուզում ենք կառուցել նոր ՔԿՀ. Կարեն Անդրեասյանը՝  Սերգեյ Բագրատյանին
Հայաստան
15:27, 03 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անդրադարձավ «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ների աշխատանքի դադարեցմանը և նշեց, որ շատ ավելի ծանր վիճակում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ն:

Դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ պատգամավորը հետաքրքրվեց. «Ձեր նշած մոդելային կարգավիճակ ունեցող ՔԿՀ կառուցելու ընթացքում մենք ի՞նչ չափորոշիչ ենք դնում, ի՞նչ թվաքանակ ենք տեսնում»:

Արդարադատության նախարարը որոշեց փակագծերը բացել և հույս հայտնեց, որ դա որևէ շահարկման տեղիք չի տա. «Հենց «Նուբարաշեն»-ին փոխարինելու համար ենք ուզում կառուցել այդ նոր ՔԿՀ-ն: Մեր ամենաանմխիթար ՔԿՀ-ներից մեկն էլ երևի «Նուբարաշեն»-ն է, որը փորձում էինք փոքր վերանորոգումներով կարգավորել, բայց հարցը, ցավոք, չի կարգավորվում: Մեծ գումարներ են պետք «Նուբարաշեն»-ը նորմալ տեսքի վերադարձնելու համար: Դրա կողքին գտնվող «Էրեբունի» ՔԿՀ հենքի վրա ուզում ենք կառուցել այնպիսինը, որը կկլանի «Նուբարաշեն»-ի բոլոր կարողությունները, այնտեղի գրեթե բոլոր աշխատողներին»: