Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամերիկյան բրենդի նոր տեսակի բենզալցակայաններ են մուտք գործելու Հայաստան. Վահան Քերոբյանը՝ Սերգեյ Բագրատյանին

Ամերիկյան բրենդի նոր տեսակի բենզալցակայաններ են մուտք գործելու Հայաստան. Վահան Քերոբյանը՝ Սերգեյ Բագրատյանին
Հայաստան
12:31, 02 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ գաղտնիք չէ՝ գնագոյացման վրա էական ազդեցություն ունի վառելիքաէներգետիկ համակարգը: «Այս իմաստով Հայաստանում բենզինի գներն այլևս հատեցին 500 դրամի սահմանը 1 լիտրի հաշվով, դիզվառելիքը նույնպես թանկանում է: Մենք՝ որպես կառավարություն, և դուք՝ որպես լիազոր մարմին, ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում, որ երկու տասնյակից ավելի տարիներ այս համակարգում որևէ փոփոխություն չենք կարողանում հաջողել: Այսինքն՝ երկու հայտնի ընկերություններ անընդհատ պսևդոմրցակցության, ձևական մրցակցության պայմաններում բերում են վառելիքը և նույն գները սահմանելով՝ թույլ չեն տալիս, որ մրցակցություն ձևավորվի շուկայում»,- էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրեց պատգամավորը և հավելեց, որ եթե ԱՄՆ-ում նման խնդիր լիներ, ամբողջ Սենատը զբաղված կլիներ դրանով:

Ի պատասխան էկոնոմիկայի նախարարը հիշեցրեց, որ միջազգային շուկայում ևս 2020 թվականին նավթի գները դարձան բացասական, իսկ հիմա դրանք 85 դոլարից բարձր են մեկ բարելի դիմաց: 

Մասնավորապես անդրադառնալով Հայաստանում բենզինի շուկային՝ նախարարը նկատեց. «Մեկի մասին գիտեք, բայց ես ասեմ, որ կան նաև այլ ընկերություններ, որոնք մուտք են գործելու մանրածախ բենզինի շուկա, և մյուս տարի մենք կտեսնենք նոր տեսակի բենզալցակայանների մուտքը Հայաստան, և դա կլինի ամերիկյան բրենդ: Դա թույլ կտա ստեղծված միջավայրը փոխել»:

Նրա խոսքով՝ աշխարհում ընդունված ստանդարտը ինքնասպասարկմամբ աշխատող բենզալցակայաններն են, որոնք թույլ են տալիս բենզինի գները իջեցնել, քան այն մոդելի դեպքում է, որը հիմա աշխատում է. «Մենք ակնկալում ենք, որ բենզինի մանրածախ գինը հաջորդ տարի մեծածախ գնից կտարբերվի ոչ թե 15-20 տոկոսով, այլ 2-3 տոկոսով»: