Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսում ենք առաջիկա 5 տարիներին ապահովել տարեկան 7-9 տոկոս տնտեսական աճ. Էկոնոմիկայի նախարար

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«2022 թվականի բյուջեի նախագծով էկոնոմիկայի նախարարության ոչ գյուղատնտեսական բլոկի համար հատկացվել է մոտ 17 միլիարդ դրամ գումար, որոնք բաշխվել են հետևյալ կերպ. ներդրումների և արտահանման խթանման ծրագրի համար հատկացվել է 660 միլիոն դրամ, ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի զարգացման համար՝ 1 միլիարդ 30 միլիոն դրամ, զբոսաշրջության զարգացման ծրագրի համար՝ 5 միլիարդ 979 միլիոն դրամ, փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության համար հատկացվել է 160 միլիոն դրամ և փոքր ու միջին ձեռնարկությունների, քովիդի դեմ պայքարի առաջին միջոցառման համար  հատկացվել է 7 մլրդ դրամ: Նաև 2.5 մլրդ դրամ կազմում են էկոնոմիկայի նախարարության պահպանման ծախսերը»,- հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: 

Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունն իր առջև նպատակ է դրել տարեկան 7-9 տոկոս տարեկան աճ ապահովել առաջիկա 5 տարիների ընթացքում. «Դրա համար մենք նախատեսում ենք փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարել ներդրումների վրա հիմնված տնտեսական աճին»: