Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022 թվականի տնտեսական աճի կանխատեսման մեջ հայ-թուրքական սահմանի բացումը ներառված չէ. Վահան Քերոբյանը՝ Արթուր Խաչատրյանին

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, դիմելով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, նկատեց, որ 7 տոկոս տնտեսական աճը նույնիսկ պարզ վիճակագրությամբ չի երևում. «Դեպի ներքև հավանականությունն ավելի մեծ է, քան դեպի վերև: Էդ 7 տոկոսը որտեղի՞ց է գալիս. ակնկալում եք, որ Ամուլսարը կշահագործվի՞, թե՞ ակնկալում եք, որ հայ-թուրքական սահմանի բացումով տնտեսական աճ կլինի»:

Պատգամավորն անդրադարձավ նաև ակնկալվող ներդրումների աճին և հարցրեց. «Ի՞նչ եք պատրաստվում անել, որ մասնավոր ձեռնարկությունները 17 անգամ ավելացնեն ներդրումները»:

Ի պատասխան էկոնոմիկայի նախարարն ասաց. «2022 թվականի բյուջեի և տնտեսական աճի կանխատեսման մեջ հայ-թուրքական սահմանի բացումը ներառված չէ»:

Ինչ վերաբերում է ներդրումներին, պարոն Քերոբյանն ասաց. «Իմ կարծիքով՝ դուք սխալ թվեր եք ասում՝ նշելով, որ մասնավոր ընկերությունների կողմից արված ներդրումները կազմում են ՀՆԱ-ի 0.7 տոկոսը. մասնավոր ընկերությունների ներդրումները աճել են և կազմել են ՀՆԱ-ի 10-15 տոկոսը, և հիմա մենք նախատեսում ենք ավելացնել ներդրումները մինչև ՀՆԱ-ի 25 տոկոսը»: 

«Տնտեսական աճի առումով ոչ մի բան ցաքուցրիվ չի, բոլորը իրար հետ փոխկապակցված են: Ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, որ պետք է բերի տնտեսական աճի, աննախադեպ ծավալի կապիտալ ծախսերն են, որ մենք պլանավորել ենք անել. այդպիսի թիվ Հայաստանի պատմության մեջ չի եղել, և եթե դա մենք բարեհաջող կերպով անենք, մեր տնտեսական աճն ավելի քան իրատեսական կլինի»,- նշեց էկոնոմիկայի նախարարը: