Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին.ԱԳ փոխնախարար

Ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին.ԱԳ փոխնախարար
Հայաստան
11:31, 04 ноябрь 2021
Հայաստանը հետևողական է լինելու Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման և պաշտպանության հարցում, ինչպես նաև ջանքեր է գործադրելու՝ երաշխավորելու իր հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու նրանց իրավունքը: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահե Գևորգյանը:

ԱԳ փոխնախարարն ընդգծեց՝ Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է՝ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո է հնարավոր հասնել ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորմանը՝ հիմնված հայտնի սկզբունքների և տարրերի վրա, ինչը ենթադրում է՝ Արցախի կարգավիճակի հստակեցում՝ հաշվի առնելով արցախահայության անքակտելի իրավունքի իրացումը:

ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ այս փուլում կարևոր է առաջնային հումանիտար խնդիրների լուծումը, ներառյալ՝ գերիների և բոլոր պահվող անձանց հայրենադարձությունը, անհայտ կորածների և բռնի անհետացումների զոհ գնացած անձանց ճակատագրի պարզումը, հայկական մշակութային ժառանգության պահպանումը:

Վահե Գևորգյանը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է տարածաշրջանում խաղաղության և կայնություան հաստատումը.

«Տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ գոյակցության մթնոլորտի ձևավորման հիմքում ընկած է նաև տարածաշրջանի ապաշրջափակումը: Այս տեսանկյունից կարևոր նշանակություն ունի 2021թ-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործումը: Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացի արդյունավետ իրականացումը հնարավոր է բոլոր դերակատարների կողմից կառուցողական դիրքորոշման ցուցաբերման և գործնական քայլերի իրականացման դեպքում»,-ասաց ԱԳ փոխնախարարը և շեշտեց, որ ապաշրջափակման գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության և կենսական շահերի հաշվին:

Վահե Գևորգյանի խոսքով՝ ՀՀ դիվանագիտության առաջնահերթություններից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը:

«ՀՀ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին»,-ասաց նա: