Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապանում բացվեց տեխնոլոգիական կենտրոն․ հատկացվել է 55մլն դրամ

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում բացվեց Կապանի տեխնոլոգիական կենտրոնը։ Բացմանը ներկա էին Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամները և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ։

 Կենտրոնի բացման ժապավենը կտրելու պատիվն ընձեռված էր Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանին և Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանին։ Կենտրոնի ստեղծման համար տրամադրվել է շուրջ 55 միլիոն դրամ։

 Բացման խոսքով ելույթ ունեցավ համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն Արթուր Կոստանդյանը՝ շնորհակալություն հայտնելով ծրագիրն իրականացնողներին և դրան նպաստողներին։ 

 Ներկայացվեցին կենտրոնի հնարավորություններն ու շեշտվեց, որ նախատեսվում է կենտրոնը մոտ ապագայում համալրել նոր սարքավորումներով։

 Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հույս հայտնեց, որ Երևանի կրթահամալիրի, Կապանի մասնաճյուղի և տարածաշրջանի մասնագետների հետ համատեղ կհաջողվի բովանդակությունը գեներացնել և ուսանողները կկարողանան ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գումար աշխատել և շենացնել հայրենիքը։

 Կառույցի կայացման գործում ավանդ ունենալու համար վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը պարգևատրվեցին համալսարանի կողմից։

 Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը նշեց նաև, որ բացի այս կենտրոնից գյուղերում կյանքի են կոչվելու զարգացման կենտրոնների այլ ծրագրեր։

 Արթուր Կոստանդյանը նշեց, որ այս գաղափարի շուրջ սկսել են աշխատել ավելի քան մեկ տարի, և ի վերջո, այն իրականություն դարձավ։

 Ապա համալսարանի մասնաճյուղի և մարզպետարանի միջև կնքվեց հուշագիր։
Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը նշեց, որ մարզպետարանի և համալսրանի միջև համագործակցություն միշտ է եղել, իսկ հուշագրով այդ համագործակցությունը դրվեց ինստիտուցիոնալ հիմքերի վրա։
 
 ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներկայացրեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման նպատակը և շնորհակալություն հայտնեց կատարված մեծածավալի աշխատանքի համար։

 Ապա ներկաները շրջեցին կենտրոնով, ծանոթացան կենտրոնի հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։
Վարչապետի խորհրդականը նշեց, որ լուծվում է նաև գյուղական համայնքներում ճանապարհների հետ կապված խնդիրները: «Չնայած  միջգերատեսչական նիստի օրակարգը նախօրոք չի հայտարարվում, սակայն, վստահաբար, քննարկվելու են Կապանի երեք գյուղերի խնդիրները, որոնք ճանապարհների հետ կապված խնդիրներ ունեն»,- նկատեց խորհրդականը:
 
Մանրամասները՝ տեսանյութում:
Վովա Հակոբյան