Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Առաջնահերթությունը հենց Ռուսաստանինն է, բայց, եթե լուծում չգտնվի, մենք այլ հնարավորություններ կդիտարկենք»․ Արմեն Գրիգորյանը՝ «Կոմերսանտ»-ին

«Առաջնահերթությունը հենց Ռուսաստանինն է, բայց, եթե լուծում չգտնվի,  մենք այլ հնարավորություններ կդիտարկենք»․ Արմեն Գրիգորյանը՝ «Կոմերսանտ»-ին
Հայաստան
15:55, 17 ноябрь 2021
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Коммерсантъ»-ի հետ զրույցում ասել է, որ ՀՀ իշխանությունները Ռուսաստանից օգնություն են ակնկալում իբրև ռազմավարական գործընկեր` լուծելու հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդիրները։  

«Պատրաստվում է ՀՀ դիմումը Ռուսաստանին, որով կոչ ենք անում պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում են գտնվում ադրբեջանական զինված ուժեր։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997 թվականին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձաբար օգնել միմյանց։ Այս էր պատճառը, որ դիմեցինք Ռուսաստանին»,- ասել է նա:

Հարցին, թե ի՞նչ օգնության մասին է խոսքը՝ դիվանագիտակա՞ն, թե՞ ռազմական, Գրիգորյանը պատասխանել է․ «Մենք կողմ ենք նրան, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Սակայն, եթե դիվանագիտական ճանապարհով այն անհնար է լուծել, ապա խնդիրը պետք է լուծվի ռազմական ճանապարհով»։ 

Նյութում նշվում է, որ երեքշաբթի Արմեն Գրիգորյանը հասկացրել է նաև, որ «Երևանը կարող է դիմել այլ միջազգային գործընկերներին»։  «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նա վստահեցրել է, որ առաջնահերթությունը հենց Ռուսաստանն է և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ)։

«Բայց եթե լուծում չգտնվի, ապա մենք այլ հնարավորություններ կդիտարկենք»,- նշել է պարոն Գրիգորյանը՝ չմանրամասնելով այս թեման, գրում է կայքը։