Քաղաքացիակենտրոն
լրատվություն

439 հիմնական նպատակ և 1276 միջոցառում. Մհեր Գրիգորյանը ներկայացրեց Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության հերթական նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց «Կառավարության 2021-26 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի նախագիծը»: 

«Ըստ նախարարությունների և մարմինների ամրագրված են ռազմավարական նպատակները, դրանց հասնելու միջոցառումները, ակնկալվող արդյունքները, ժամկետները, համակատարողները և ֆինանսավորման աղբյուրները»,- նշեց փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է 439 հիմնական նպատակներից ու 1276 միջոցառումներից և հիմնված է Կառավարության ծրագրի ու արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի և քարոզարշավի ընթացքում տրված նախընտրական խոստումների, ինչպես նաև Հայաստանի վերափոխման մինչև 2050թ. ռազմավարության թիրախների վրա:

«Ներկայացված ծրագիրը արտացոլում է նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես նաև Հայաստանին տրամադրվելիք 2.6 միլիարդ եվրո աջակցության փաթեթի շրջանակներում իրականացվելիք ծրագրերը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Նա շեշտեց, որ ծրագիրը պետք է դառնա կառավարության հիմնական աշխատանքային պլանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ծրագրում ներկայացված է իրենց հրապարակային հայտարարությունների իրագործման պլանը: