Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանի համար ՌԴ վերահսկողությամբ կոմունիկացիաների բացումը ընդունելի տարբերակ չէ․ դա միջանցք է»․ Դավիթ Ստեփանյան

«Հայաստանի համար ՌԴ վերահսկողությամբ կոմունիկացիաների բացումը ընդունելի տարբերակ չէ․ դա միջանցք է»․ Դավիթ Ստեփանյան
Հայաստան
14:50, 30 ноябрь 2021
«ՀՀ անվտանգության օրակարգ՝ Եվրոպայում գագաթնաժողովներին ընդառաջ» թեմայով քննարկում տեղի ունեցավ Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում։

Փորձագետ Դավիթ Ստեփանյանի համոզմամբ «միջանցքն» է շարունակում մնալ այս բանակցային գործընթացների հիմնական պատճառը և ակնկալվող արդյունքը։ «Ինչպես էլ մենք անվանենք՝ միջանցք, կոմունիկացիա, ճանապարհ, դրանից էությունը չի փոխվում, որովհետև հիմնական շահառուն՝ Թուրքիան այս հարցում գործում է Ադրբեջանի ֆասադով։ Ես համոզված եմ, որ 44-օրյա պատերազմը եղել է Թուրքիայի նպատակներին հասնելու սկիզբ։ Շուրջ մեկ տարի է Թուրքիան չի կարողանում ստանալ իր պլանի շարունակությունը։ Ես չէի ուզի նսեմացնել մեր երկրի դիրքորոշումը, առավել ևս, որ մեր վարչապետը, իմ տեղեկություններով, հրաժարվել է Մեղրիով կոմունիկացիա տալ Թուրքիային և Ադրբեջանին, դրանից հետո տեղի են ունեցել նոյեմբերի 16-ի իրադարձությունները և ի ուրախություն մեզ այդ փորձը տապալվեց։ Միջանցքը, սակայն, մնում է Թուրքիայի հիմնական թիրախը։ Կարծում եմ միջանցքի հարցում ոչ ոք չի կոտրվել, այլ եղել է կոմպրոմիս և այդ կոմպրոմիսը տեղի է ունեցել Սոչիում։ Ադրբեջանը և Թուրքիան ստանալու են կոմունիկացիայի հնարավորություն, դրա դիմաց Հայաստանը առաջ է քաշել իր պայմանները՝ գերիների վերադարձ, դելիմիտացիայի շրջանակներում որոշակի զիջումներ Ադրբեջանի կողմից, որը կարող է կապ ունենալ անկլավների հետ», - ասաց Դավիթ Ստեփանյանը։

«Դա միջանցք է։ Ինչու՞ միջանցք։ Հիմնական խնդիրն ինչու՞մ է՝ վերահսկողության մեջ։ Ռուսաստանը դեմ չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը ստանան այդ կոմունիկացիան, եթե այն վերահսկելու է ինքը։ Թուրքիան և Ադրբեջանը, կարծես թե, դրան համաձայն են։ Հայաստանի համար այդ բոլոր տարբերակները ընդունելի չեն, որովհետև Հայաստանի համար դա կլինի մեծ դիվանագիտական պարտություն», - նշեց Ստեփանյանը։