Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Ճնշումը պետք է ավելացվի. Եղիշե Կիրակոսյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: 

«Այս պահին Եվրոպական դատարանում մի քանի պրոցես է ընթանում՝ կապված գերեվարված անձանց, անհետ կորածների հետ: ԵԴ-ում մենք դեռ պատերազմի սկզբից մինչև այս վերջին դեպքերը ներկայացրել էինք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս առումով Ադրբեջանի վարքագիծը անընդհատ կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացված որոշումներին, որովհետև իրենք, որպես կանոն, հետևողականորեն խախտում են ժամկետները: Կա նաև ՄԱԿ-ի Արդարադատության դատարան ընթացող պրոցեսը, որը հայտնի է»,- պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին՝ ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ միջազգային իրավական ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ավելացվի. «Սա միակ ճանապարհն է այս պահին: Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, կարծում եմ, տեսանելի որոշակի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վարքագծի վրա: Այդ քայլերը պետք է շարունակվեն»: