Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր մարզերում IT ոլորտի ոչ մի ընկերություն չկա. Վարչապետը՝ համայնքները ինտերնետով ապահովելու մասին

Այսօր՝ հունվարի 13-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը:

Ինչպես նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,  նախատեսվում է համայնքներում կառուցել օպտիկամանրաթելային ցանցի կապուղի:
Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս հարցում պետք է մեկ պայման լինի. «Մասնակցում են համայնքը, կառավարությունը և հեռահաղորդակցության ոլորտի ընկերություն, քանի որ կառավարությունը չի կարող այդ մալուխների մեջ ինտերնետ դնել, կոպիտ ասած, և հետագա շահագործումն իրականացնել»:

ՀԾԿՀ նախագահ պարոն Բաղրամյանը նշեց, որ պարտադիր է վարչապետի առաջարկը, որ եռակողմ լինի ինտերնետի մասով. «Այդ երրորդ կողմը պետք է դիմի էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին լիցենզիա ստանալու համար»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով՝ նկատեց. «Այո, կարող են նաև նոր ընկերություններ լինել, որոնք պետք է դիմեն ՀԾԿՀ-ին լիցենզիա ստանալու համար, որից հետո հնարավորություն կունենան այդ ծրագրերին մասնակցելու: Երրորդ կողմի մասնակցությունը պետք է պարտադիր լինի, որովհետև պատկերացրեք, որ համայնքն ու կառավարությունը մալուխային ցանց են ստեղծում և դրանով ոչ ոք չի հետաքրքրվում, կամ կառավարությունն ու համայնքն են գնում մարդկանց համոզում և ասում՝ եկեք կառավարեք այս ցանցը»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի կարծիքով էլ՝ եթե միայն համայնքն ու կառավարությունը մասնակցեն, դա լավ մրցակցային միջավայր կստեղծի պրովայդերների համար. «Էստեղ մենք մտածենք մի քիչ, հետո նոր միայն այդ պայմանն ավելացնենք»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ կարծում է, որ դա կապ ունի ոչ լիցենզիայի, ոչ էլ երրորդ կողմի մասնակցության հետ. «Դա կապված է շինարարական ստանդարտի հետ. երբ կառուցվում է ենթակառուցվածք, բոլոր հարակից հնարավորությունները, որպես շինարարական ստանդարտ, դրվում են»:

Վարչապետը, սակայն, կարծում է, որ համայնքները սովորաբար գումարներ են ծախսում բարձր, մեծ, երևացող բաների վրա. «Մեր մասնակցությունն այս դեպքում 10 տոկոս է, և ես կասկածում եմ, որ համայնքները շահագրգիռ կլինեն»:

Նիկոլ Փաշինյանը, լսելով բոլորի կարծիքը, նշեց. «Թեման կարևոր է տարածքների համաչափ զարգացման առումով: Հայաստանում ՏՏ ոլորտը ամենազարգացող ճյուղերից է: Երևանում մենք ունենք նույնիսկ միջազգային առումով նշանավոր այս ոլորտի ընկերություններ, սակայն մարզերում վակուում է: Եվ մարզերից մարդիկ տեղափոխվում են Երևան այդ ոլորտում աշխատելու համար. պատճառը ինտերնետի պատշաճ որակի և մակարդակի բացակայությունն է մարզերում, մեր մարզերում ոչ մի IT ոլորտի ընկերություն չկա»: